Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին

Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
117
Այսօր, 22:37

Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Դանիայի և ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին, որը կնքվել էր 2026 թվականի սեպտեմբերին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 16 պատգամավոր, 7-ը ձեռնպահ են մնացել, իսկ դեմ քվեարկողներ չեն եղել, հայտնում է Reuters-ը:
Համաձայնագիրը նախատեսում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում Գրենլանդիայում, պայմաններ է ստեղծում երկու նոր ռազմաբազաների բացման և «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման համար: Փաստաթուղթը վերահաստատում է Դանիայի ինքնիշխանությունը կղզու նկատմամբ և դրա բնակիչների ինքնորոշման իրավունքը: Համաձայնագիրը կնքվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր հսկողություն սահմանել Գրենլանդիայի նկատմամբ: Այս հայտարարությունները սրել էին Վաշինգթոնի հարաբերությունները եվրոպական երկրների հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն գործարքի կնքումը բացատրել է նրանով, որ Դանիան և Գրենլանդիան ի վիճակի չեն ֆինանսապես ապահովել կղզու անվտանգությունը հնարավոր հարձակման դեպքում:
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն վավերացումն անվանել է կարևոր քայլ կղզու համար: Ընդդիմադիր «Naleraq» կուսակցության նախագահ Պելե Բրոբերգը հայտարարել է, որ Գրենլանդիան այս պայմանավորվածություններից որևէ տնտեսական օգուտ չի ստացել:
Դանիայի խորհրդարանն օրինագիծն առաջին ընթերցմամբ կքննարկի նոյեմբերի 11-ին, իսկ վերջնական քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 19-ին: Դանիայի կողմից վավերացվելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի առանց ԱՄՆ-ի Սենատի հավանության:
Սեպտեմբերի վերջին Թրամփը, Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիքսենը և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս Ֆրեդերիք-Նիլսենը ստորագրել էին անվտանգության համաձայնագիրը: Փաստաթուղթը Վաշինգտոնին իրավունք է տվել նաև արգելափակել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից ռազմական օբյեկտների տեղակայումը և որոշակի օտարերկրյա ներդրումները Գրենլանդիայում: