Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին

Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
44
Այսօր, 19:43

Տաջիկստանը Միավորված ազգերի կազմակերպությանը պաշտոնական ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու վերաբերյալ։
Տաջիկստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1998 թվականին, իսկ 2000 թվականին երկրի խորհրդարանը վավերացրել էր այն։ Հոկտեմբերի սկզբին Տաջիկստանի խորհրդարանը քվեարկել է ՄՔԴ-ից դուրս գալու օգտին, ինչից հետո երկրի իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել ՄԱԿ։
Ավանդապահը փաստաթուղթը գրանցել է նոյեմբերի 20-ին։ Սա նշանակում է, որ երկրի դուրս գալու գործընթացը կավարտվի ուղիղ մեկ տարի անց՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։ Խորհրդարանում ՄՔԴ-ից դուրս գալու որոշման քննարկման ժամանակ Տաջիկստանի ԱԳ նախարար Իդիբեկ Քալանդարը հայտարարել է, որ նման որոշման պատճառը դատարանի շուրջ «զարգացող իրավիճակն» է, որը, նրա խոսքով, վերածվել է «միջպետական վեճերի լուծման հարցում քաղաքական ճնշման գործիքի»։ Միաժամանակ, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը (Радио Озоди), նախարարը չի հիշատակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, ում ձերբակալման օրդեր էր տվել ՄՔԴ-ն, և ում Տաջիկստանի իշխանությունները, համաձայն Հռոմի կանոնադրության, պարտավոր էին ձերբակալել երկիր կատարած նրա այցի ժամանակ։
ՄՔԴ-ն Պուտինի ձերբակալման օրդերը տվել էր 2023 թվականի մարտին։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկու անգամ այցելել է Դուշանբե՝ 2025 թվականի հոկտեմբերին և 2026 թվականի նոյեմբերին։ Ինչպես և նախորդ տարի, Եվրամիությունը քննադատել է Տաջիկստանի իշխանություններին՝ իրենց միջազգային պարտավորությունները չկատարելու համար։ «ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Տաջիկստանը կրկին ընդունել է Վլադիմիր Պուտինին, որը ՄՔԴ-ի կողմից հետախուզվում է միջազգային հանցագործությունների մեղադրանքով, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ նրա չհրահրված և անօրինական ագրեսիվ պատերազմի համատեքստում Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաների ապօրինի արտաքսման և ապօրինի տեղափոխման համար»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ։
2025 թվականի գարնանը ՄՔԴ-ից դուրս գալու գործընթաց էր սկսել նաև Հունգարիան։ Այդ ժամանակ իշխանության ղեկին էր Վիկտոր Օրբանը, որը համակրում էր Ռուսաստանի նախագահին։ Սակայն Պետեր Մադյարի՝ իշխանության գալուց հետո Հունգարիայի խորհրդարանը չեղարկել է այդ որոշումը։