Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան

«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
57
Այսօր, 00:30

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի ուղին՝ ԹՐԻՓՓ-ը, սովորական ճանապարհ չէ, որքան էլ փորձ արվի ներկայացնել, որ մենք լիովին պահում ենք մեր սուվերենությունն ու վերահսկելիությունը Արաքսի ափով ձգվող այդ հաղորդակցության վրա:
Ինքնին փաստը, որ հարևան երկրները միմյանց հետ կապող հաղորդակցության համար համատեղ կոնսորցիում է ստեղծվում, դա արդեն ցույց է տալիս, որ ԹՐԻՓՓ-ը սովորական ճանապարհ չէ:
Ի վերջո, պետք է հիշենք, որ Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկել արևելյան հարևանին՝ Իջևանով, Վարդենիսով ու Գորիսով, իսկ հարևանը դրան պատասխանել է նոր պատերազմով ու նոր ներխուժումով՝ օկուպացնելով ՀՀ սուվերեն տարածքից 200 քառակուսի կիլոմետր, որի մասին իշխանական շրջանակներն ու իշխանական պրոպագանդան խնամքով լռում են:
Մյուս կողմից, ինչպես գրել եմ նախկինում, համարում եմ, որ ԹՐԻՓՓ-ը այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է և հնարավոր առավելագույնը, որին կարող ենք հասնել: Մնացած տարբերակները ուղղակի սարսափելի էին:
Այսօր, երբ ԱՄՆ-ում տեղի են ունենում ներիշխանական փոփոխություններ, ինչքանո՞վ է վտանգվում ԹՐԻՓՓ-ը:
Ժամանակը ցույց կտա, բայց ԱՄՆ-ն ինստիտուցիոնալ պետություն է, հետևաբար՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման հավանականությունը մեծ է և իրատեսական:
Ավելին, Թրամփը անկանխատեսելի վաճառական է և կարող էր ամեն պահի 180 աստիճան փոփոխվող որոշումներ կայացնել:
Որքան էլ բարդ է թվում, բայց ԹՐԻՓՓ-ի անվտանգությունը ապահովելու համար այն պետք է բաց լինի տարածաշրջանի բոլոր պետությունների համար և չպետք է դառնա Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային կապող ճանապարհ միայն:
ԹՐԻՓՓ-ը չպետք է ընկալվի մեր երեք հարևանների համար սպառնալիք՝ Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի, յուրաքանչյուրի դեպքում պայմանավորված նրանց մտահոգություններով, և այստեղ մեր դիվանագիտությունը աշխատելու տեղ ունի»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան