Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Փոխեցիք կացության կարգավորումներն ու բարձրացրիք տուրքերը. սա հայրենադարձությունը խրախուսելու մոտեցո՞ւմ է». Մհեր Կարագոզյան

«Փոխեցիք կացության կարգավորումներն ու բարձրացրիք տուրքերը. սա հայրենադարձությունը խրախուսելու մոտեցո՞ւմ է». Մհեր Կարագոզյան
59
Այսօր, 21:54

«Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը գրել է. «ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԴՈՒՔ ԼՈՒՌ ՓՈԽԵՑԻՔ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՐՁՐԱՑՐԻՔ ՏՈՒՐՔԵՐԸ։
Ժամանակավոր կացություն՝ 150,000 դրամ՝ նախկին 105,000-ի փոխարեն։
Մշտական կացություն՝ 250,000 դրամ՝ նախկին 140,000-ի փոխարեն։
Հատուկ կացության կարգավիճակն այլևս չի տրամադրվում։
Ազգությամբ հայ լինելը նախկինի պես հիմք է մշտական կացության կարգավիճակ ստանալու համար, բայց նախկին 10-ամյա հատուկ անձնագրի փոխարեն այժմ տրամադրվելու է 5-ամյա կարգավիճակ։
Ո՞վ որոշեց։ Ե՞րբ հարցրեցիք հանրությանը։
Ես չեմ ուզում լսել «թվայնացում ենք» ու «Եվրոպային ենք մոտենում» պատմությունները։
Ինձ ասեք կոնկրետ.
Այս գումարն ո՞ւր է գնալու։
Ի՞նչ է փոխվելու մարդու համար, բացի նրանից, որ ավելի շատ է վճարելու։
Իսկ եթե դիմումը մերժվի՞։ Ինչո՞ւ քաղաքացին պետք է վճարի, բայց մերժման դեպքում իր գումարը հետ չստանա։
Իսկ ի՞նչ եք առաջարկում այն դիմորդներին, ովքեր համակարգչից օգտվելու բավարար հմտություններ չունեն, չունեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կամ չեն կարողանում ինքնուրույն առցանց դիմում ներկայացնել։ Արդյո՞ք նրանց համար նախատեսված է իրական աջակցություն, թե՞ թվայնացումը պարզապես նշանակում է, որ մարդն ինքն է մնալու իր խնդրի հետ։
Ազգությամբ հայ մարդուն հայրենադարձության ի՞նչ ուղերձ եք հղում այս փոփոխություններով։ Սա հայրենադարձությունը խրախուսելու մոտեցո՞ւմ է, թե՞ հերթական վարչական խոչընդոտը։
Ես չեմ ընդունում այն, որ որոշումները կայացվեն մեր գլխի վրայով, իսկ մարդիկ պիտի պարզապես վճարեն ու լռեն։
Հանրային վերահսկողությունը նշանակում է մեկ բան՝ իշխանությունը պարտավոր է հաշվետու լինել հանրությանը։
Պատասխանեք»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան