Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պատահական չէ, որ 1995-ին ՀՀ կառավարությունը Կապույտ մզկիթը 99 տարով օգտագործելու իրավունք տվեց իրանական կողմին». Արա Պողոսյան

«Պատահական չէ, որ 1995-ին ՀՀ կառավարությունը Կապույտ մզկիթը 99 տարով օգտագործելու իրավունք տվեց իրանական կողմին». Արա Պողոսյան
37
Երեկ, 03:08

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացարձակ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ո՛չ թե Հայաստանի հետ խաղաղություն է ցանկանում, այլ Հայաստանի հաշվին տարածաշրջանային հեգեմոնի դեր։ Դա արտահայտվում է հատկապես նարատիվային պատերազմի միջոցով, որը Բաքուն վարում է Հայաստանի դեմ տարբեր մակարդակներում՝ միկրո մակարդակից մինչև մակրո մակարդակ։
Սա նախ արտահայտվեց հայկական մշակութային և կրոնական ժառանգության ալբանականացման փորձերով՝ Դադիվանքի օրինակը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի նկատմամբ վանդալիզմով, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և մյուս եկեղեցիների վանդալիզմով և հիմնահատակ ավերմամբ, էլ չեմ խոսում Հայկական Արցախի և Նախիջևանի յուրացումն ու հայկական հետքի ոչնչացման փորձերը։
Իհարկե սա հայերիս նկատմամբ, բայց նունը կատարվում է նաև իրանական ժառանգության նկատմամբ։
Եվ ուրեմն՝ Ալիևին կից «Կովկասի մուսուլմանների վարչություն»–ը, որը բացառապես ալիևյան բռնապետության հենասյուն է ծառայում, Հայաստանին և Իրանին մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս «ադրբեջանական ժառանգության մաս Երևանի Կապույտ մզկիթում» գրական և մշակութային միջոցառման անցկացման անթույլատրելիության մասին։
Պատկերացրեք՝ 1760-ականներին, երբ ժամանակակից Ադրբեջանի ամբողջ տարածքը Իրանական կայսրության մասն էր, այդ թվում և Երևանի խանությունը, Հուսեյն Ալի խան Քաջարը, ով Իրանի Քաջարական արքայատոհմից էր, թեպետ թյուրքախոս, սակայն որևէ էթնիկ կապ չուներ ժամանակակից ադրբեջանցիների հետ, կառուցում է Երևանի Կապույտ մզկիթը, որը խանության մուսուլման հավատացյալների համար էր, և կրում էր ամբողջովին իրանական ճարտարապետական ձեռագիր։ Եվ հիմա, խանության տարածքում վերաբնակեցված տարբեր մուսուլմանական քոչվոր ցեղեր, որոնք հետագայում դարձան նստակյաց, միասին ձուլվելով միայն Ռուսական կայսրության գալով՝ 1800–ականներից հետո, սկսեցին ինքնության որոնումներ՝ պարսի՞կ են, թո՞ւրք, գուցե թյո՞ւրք, թե՞ թաթար։ Սակայն ինքնության և էթնոգենեսի կարևոր մասը տեղի ունեցավ 1900-ականներից սկսած, երբ հրահրվում էին հայ–թաթարական բախումներ, և տարածաշրջանի մուսուլմանների ինքնության կարևոր մի բաղադրիչը խարսխվեց հակահայկականության վրա։ Եվ միայն 1918 թվականից պետականություն ստացած ժողովուրդը հայտ է ներկայացնում մոտ երկու դար առաջ ստեղծված ժառանգության նկատմամբ, որի կառուցման պահին նա չուներ ադրբեջանական ինքնություն։ Սա հենց նարատիվային պատերազմն է, որը վարվում է ո՛չ միայն Հայաստանի նկատմամբ, այլ նաև Իրանի։ Եվ դա պատահական չէ, քանզի Ադրբեջանի արդի ինքնությունը հիմնված է կոնֆլիկտների վրա և նրան հարկավոր է ավելի մեծ նպատակ, որպեսզի պահպանի մոզաիկ հավաքած արհեստական ինքնությունը։ Իսկ դա նշանակում է, որ նաև բարենպաստ իրավիճակի դեպքում կարտահայտվի Ադրբեջանի հավակնությունները Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային նահանգների նկատմամբ։ Ուստի պատահական չէ, որ Կապույտ մզկիթը, որպես իրանական հոգևոր և մշակութային ժառանգության մաս, 1995 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը 99 տարով իրանական կողմին օգտագործելու իրավունք տվեց։ Սա ահա պատմական իրողության ճանաչում էր, որից հայկական կողմը երբեք չի խուսափել, ունենալով ազգային հարստության հսկայական ժառանգություն տարբեր երկրներում։
Հայերիս համար առանձնահատուկ է խնդիրը, որովհետև սա միայն Փաշազադեի ձևակերպելիք բողոքը չէր, այլ այս բողոքը ունի կապիտալիզացման մեծ ներուժ։ Ադրբեջանը սովորել է հայկական կողմից շարունակական զիջումների քաղաքականությանը, և հիմա՝ Անկախության հռչակագրից հրաժարումը բացում է ճանապարհ նաև նոր զիջումների համար։ Հայաստանի դեմ նարատիվային պատերազմը շարունակվում է նաև Հայաստանի ներքին գործերին խառնվելու միջոցով և սա ապագայում կդառնա քաղաքական վարքագիծ, եթե ճիշտ ժամանակին չստանա անհրաժեշտ և հիմնավոր հակադարձում՝ ՀՀ ներքին գործերը բացառապես ՀՀ ներքին գործերն են։
Բազմիցս առիթ եղել է խոսելու ձևավորված խաղաղության օրակարգի մասին, որը իր բնույթով հակասում է ինչպես դասական կոնֆլիկտաբանության սկզբունքներին, այնպես էլ միջազգային հարաբերությունների տեսական դպրոցների թեզերին։ Ձևավորված «խաղաղություն Ադրբեջանի պայմաններով» օրակարգը գործնականում հակամարտության փակ ցիկլի ձևավորմանն է հանգեցնում, որտեղ իրական խաղաղություն հնարավոր չէ, քանզի հաղթողի կամքի պարտադրումը պարտվողին հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ հաղթողի պարտադրանքները չեն գեներացրել փակ ատելության այնպիսի չափաբաժին, որը մի օր կպայթի՝ մեկ փամփուշտի, մեկ ռումբի, մեկ դանակի, նույնիսկ մեկ հայհոյանքի միջոցով, վերածվելով առավել բաց և առավել մահացու կոնֆլիկտի։
Կոնֆլիկտի հաղթահարման միակ իրատեսական ճանապարհը ո՛չ թե հաղթողին անվերապահ զիջելու մեջ է, այլ հավասարակշռության մեխանիզմներ ստեղծելու և հաղթողի հռետորաբանության ու գործողությունների իրական, միանձնյա և գործուն զսպման մեջ է, որը կարղ է բերել տարածաշրջանին խաղաղություն առնվազն տեսանելի ապագայաում։
Իսկ Ադրբեջանի այսպիսի գործողությունները՝ լինի հայկական ժառանգության ոչնչացման, լինի իրանական կրոնական–մշակութային ժառանգության նկատմամբ հավակնություններ արտահայտելու միջոցով, խաղաղության մասին չեն, այլ պատերազմի։
Եվ վերջում՝ իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը՝ Նորին Գերազանցություն պարոն Խալիլ Շիրղոլամիին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնին՝ պարոն Mohammad Assadi Movahedին և բոլոր իրանցիներին, ադրբեջանական մշակութային սահող էքսպանսիայի դեմ պայքարում, որը ցավոք ո՛չ միայն չի լռում և Հայաստանի տարածքով չի սահմանափակվում, այլ իր արմատներն է գցում տարբեր աշխարհագրական կետերում՝ այդ թվում բարեկամ Իրանում, բարեկամ Վրաստանում։
Հ․Գ․ Կից նաև ադրբեջանական «Կովկասի մուսուլմանների վարչության» անհեթեթ հայտարարությունը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան