Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել». Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ

«Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել». Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ
68
Այսօր, 18:12

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», այս մասին գրում է «Պանորամա»-ն:

Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ Հարությունյանն ավելի վաղ կայացած դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել՝ նկարագրելով սպանության ընթացքը. «Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»։

Այսօրվա դատական նիստում Գևորգ Հարությունյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգահարել են ոստիկանությունից ու կանչել ոստիկանություն, թեև մինչ այդ արդեն իրեն հարցաքննած եղել են։ Ոստիկաններին հանդիպել է Փարաքարի համայնքապետարանի մոտ, միասին գնացել են Էջմիածին՝ ոստիկանություն։

«Ես պատմեցին այդ օրը ուր եմ եղել, ինչով եմ զբաղվել։ Ինձ ուղեկցեցին մի այլ սենյակ, 1.5-2 ժամ մնացի այնտեղ։ Այնուհետև դուռը բացվեց, տարեն այլ սենյակ, ներսում նստած մարդիկ կային։ Հարցրեցին՝ ճանաչում եմ, ասացի՝ ոչ։

Մեր առաջվա ոստիկանապետն էր՝ Արամ... Ասացին հանրապետության ոստիկանապետն է։

Էլի հարցեր տվեցին այդ օրվա հետ կապված։ Նկարագրեցի։ Ասացին՝ տեղյա՞կ ես, որ Նարեկի հայաթից բարսետկա են գտել։ Հանեցին, նկար ցույց տվեցին՝ բարսետկա, կողքը բինոկլ։ Հարցրեցին՝ քոնն է։ Չպատասխանեցի։

Հարցրեցին՝ դո՞ւ ես տարել հայաթ, ինչո՞վ ես օգնել։ Ասացի՝ կապ չունեմ։ Ասացի՝ բարսետկան իմն է, բայց ես ոչ մի բանի հետ կապ չունեմ։

Կրկին տարան ուրիշ սենյակ, ժամերով սպասեցի։ Հետո էլի տարան նույն սենյակը»։

Ոստիկանները կանչել են Գևորգ Հարությունյանի ծնողներին, նրանք խոսել են որդու հետ. «Ասացի ծնողներիս՝ ոչ մի բանի հետ կապ չունեմ։

Ընտանիքիս անդամներին ճանապարհեցին, կես ժամ հետո եկան սենյակ, կանդալները ձեռքերիս գցեցին։

Ասացին՝ ի՞նչ կապ ունես, հեսա կալանավորելու ենք։ Ասում եմ՝ ինչու։ Իբր օժանդակել եմ Նարեկին։

Ասացի՝ բայց չեմ արել այդպիսի բան։

Այդ ժամանակ Վարդան Վարդանյանն էլ էր այդտեղ, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր։ Բոլորին ասաց՝ սենյակից դուրս եկեք։

Էլի հարցրեց՝ ի՞նչ կապ ունես այս ամենի հետ։ Ասացի՝ կապ չունեմ։ Ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել։

Չգիտեի՝ ինչ ասեի, ծանր գործը վերցնեմ իմ վրա՞, թե՞ ոչ։ Սովորական գողութուն, խուլիգանություն չէր, էլի։

Ասացին՝ տանը փոքր քուր ունես, մեր, տարիքով պապ ու տատ ... Անընդհատ դա էին առաջ բերում, ինձ ասում։ Այդ ամեն ինչից ելնելով՝ վերցրեցի այդ ամենն իմ վրա, քանի որ իմ ընտանիքի հետ կապված նման բաներ էին ասում։

Հետո դուրս եկանք ոստիկանությունից, նստեցինք մեքենան, գնացինք դեպի Մերձավան, Վարդան Վարդանյանն էլ կողքս նստած էր, գնացինք դաշտերը, հենց այն տեղը, որտեղ իբր ես զենքը թաքցրել եմ։ Ցույց տվեցին, այսինքն՝ պետք է ասեմ՝ այստեղ եմ զենքը թողել։ Հետո ճանապարհ ցույց տվեցին, որ պետք է ասեմ՝ այդ ճանապարհով եմ անցել։

Գնացինք Վաղարշապատի ոստիկանություն, ինքնախոստովանական ցուցմունքի պահը եկավ։

Ասացին՝ մի անհանգստացի, ինքնախոստովանական ցուցմունք գրես, 10-12 տարի կդատեն, եթե չգտնեն իրական մեղավորին, կօգնենք՝ վաղաժամկետ դուրս կգաս»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: