Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր
485
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 16:40

2018թ. հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատավարական ղեկավարման ներքո հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 1999թ. ծնված Ա.Ղ-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Շ.Ղ-ից առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, որի արդյունքում Ա.Ղ-ն, հոր օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2017-2018 թվակաների հերթական զորակոչերից՝ ստանալով տարկետում:

2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 2018թ. օգոստոսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Շ.Ղ-ն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա-ն 2000թ. ծնված Է.Հ-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Կ.Հ-ից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ս.Ա-ն Կ.Հ-ին ծանոթացրել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ի հետ, ով օժանդակել է քրեական գործով դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից նույն՝ Է.Հ-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար խոշոր չափի՝ 800 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն: Արդյունքում, Է.Հ-ն, Կ.Հ-ի օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:

2018թ. օգոստոսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն ձերբակալվել է: Կ.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Է.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ն օժանդակել է քննությամբ դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում 2000թ. ծնված Հ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ Հ.Մ-ին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինից խոշոր չափերով՝ 388.320 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, ինչի արդյունքում Հ.Մ-ն օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:
Հ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել դեպքերի բոլոր մանրամասները, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց, ինչպես նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ի կողմից այլ հանցավոր գործողությունների հանգամանքները: