Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ». ՀՀ նախագահի ուղերձը

«Ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ». ՀՀ նախագահի ուղերձը
216
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 10:05

Հանրապետության նախագահ Արմեն Աարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ.

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:

Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ և ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձևավորվի յուրաքանչյուրիս կողմից։
Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ:

Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։

Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգեւորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային:
Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով:

Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում:

Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք:

Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տոները նշել միասին և միասնական։ Մեր ազգային տոնը մեր մեծ հայկական ընտանիքի տոնն է, այսօրվա Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, մեր մեծի ու փոքրի, զինվորի և աշխատավորի, մտավորականի եւ ուսանողի, բոլորիս տոնը։

Շնորհավորում եմ բոլորիս համազգային և համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն և լավատեսություն: