Սեդրակ Առուստամյանն այն պայմանավորել է պապի կողմից «Շահի ոսկիները» բերելու և իրեն փոխանցելու հանգամանքներով․ դատախազություն
![]() 924 Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 13:20 ՀՀ դատախազությունը հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․ Ա-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․ Խ-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար: Գ․ Խ-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ․ Խ-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․ Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․ Ա-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․ Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կոռուպցիոն հանցագործությունները համակողմանիորեն բացահայտելու, դրանց կատարմանն առնչված անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցագործությունների կատարմանը մասնակցելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում նաև կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ․ տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։ |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
19315:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56217.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49217.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59616.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51915.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51515.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52914.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51414.04.2026, 17:18
