Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
748
Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 16:42

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բարձր է գնահատվել մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: ԱԺ նախագահն ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական օրակարգի կարևորությունը՝ փաստելով, որ մեր երկիրը շարունակելու է շարժվել այդ օրակարգով:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողություններին առնչվող հարցեր, Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող թեմաներ:

Առանձնակի կարևորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումը:

Համազեկուցողները տեղեկացրել են, որ քննարկումներ են ունեցել հայաստանյան գործընկերների հետ՝ առանձնացնելով փոխգործակցության որոշ առաջնահերթություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի շուրջ: Անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև իշխանություն-ընդդիմութուն խորհրդարանական ձևաչափի ներկա վիճակին: