Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում

Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում
546
Ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ., 16:18

Նոյեմբերի 12-ի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը: Սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:

«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաև անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար:

Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: