Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սևան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Սարգիս Մուրադյանը

Սևան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Սարգիս Մուրադյանը
632
Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 19:42

Սևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը:

Ավագանու նիստը վարում էր ավագանու նիստին ներկա՝ տարիքով ավագ անդամը՝ Կամո Ավագյանը: Կամո Ավագյանը հայտարարեց նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020թ. 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 12.12.2021թ. 19-Ա որոշմամբ Սևան համայնքի ընտրված ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք՝ 21 մանդատ.
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 3 մանդատ.
«Հանրապետություն» կուսակցություն՝ 3 մանդատ:
Նիստը վարողը ընթերցեց ավագանու ընտրված անդամների անունները՝ ըստ կուսակցությունների և դաշինքի: Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի ընտրությանը:

Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը՝ Սևան համայնքի ավագանին որոշեց՝ Սևան համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը:

Սևան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունելով ավագանու անդամներին, նշեց, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացավ վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է: «Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սևանի տարածաշրջանի առումով, և տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սևանը դառնալու է հանրապետության ներկայանալի և օրինակելի համայնքներից մեկը»,- եզրափակեց իր խոսքը Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի վերաբերյալ, այն է՝ Հայաստանի Հանրապետության գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին, ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սևան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:

Օրակարգային վերջին հարցի՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, վեաբերյալ համայնքի ավագանին ընդունեց որոշում:
Սևան համայնքի ավագանին նիստ կգումարի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում»: