Կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները». Արմեն Գևորգյանի ելույթը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները». Արմեն Գևորգյանի ելույթը
162
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 19:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին։

«Տիկի՛ն նախագահ,

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տևած այս զանգվածային ագրեսիայի հետևանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլև նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով:

Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021թ. մայիսից զավթումներին:

Այս պատերազմը ոտնահարել է Ռուսաստանի, Եվրոմիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը և հորդորել վերադառնալ բանակցություններին: Որոշ անդամներ, նույնիսկ չքողարկելով դիվանագիտական լեզվով, հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները: Գործընկերնե՛ր, այս կազմակերպությունում մենք դեռ կանգնած ենք դժվար ընտրության առջև: Մի անդամ պետությունը պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա, մինչդեռ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել: Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:

Մեր կազմակերպության լռությունն ու մեր կամավոր մեկուսացումը, ըստ էության, ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որևէ կերպ չի պատժվում հարևանի դեմ իր ագրեսիայի համար և շարունակում է վերահաստատել սեփական հորինվածքները:

Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը: Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ և հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով:

Փաստորեն երկակի ստանդարտների և աշխարհաքաղաքականության ականատեսն ենք: Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն հանգամանքին, որ անգամ պատերազմները մեր կազմակերպությունում տարբեր վերաբերմունք ու արձագանքներ են ստանում:

Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում և գործողություններում:
Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ, օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն էր: և չնայած վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը ջանում են հաղթահարել իսկապես հսկայական մարտահրավերներ, մեր ազգը շարունակելու է պայքարել և ապրել արժանապատիվ: Արժանապատվության այս խոր զգացումն արմատացած է այն պատմական ժառանգության մեջ, որ հայկական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում կերտել և ստեղծել է աշխարհի այս հատվածում: Մենք միշտ կառուցել և ստեղծագործել ենք, որտեղ էլ ապրել ենք՝ հայրենիքում, թե աշխարհով մեկ սփռված:

Սա վերաբերում է նաև այսօրվա Թուրքիային, որտեղ ժառանգության զգալի մասը հայկական արմատներ կամ հայկական հետքեր ունի, լինի դա Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատը: Նմանապես էլ Բաքվում, որտեղ հայերը շատ բան են կառուցել և ստեղծել, Իզմիրում, որտեղ հայկական հարուստ մշակութային և պատմական ժառանգության զարգացումն ընդհատվել է 1922 թ.: Ի դեպ, տարբեր երկրների հայկական ծագում ունեցող բազմաթիվ հայտնի քաղաքական, պետական և հասարակական գործիչներ սերում են հին Զմյուռնիայից:

Նրանց թվում են Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետ Էդուարդ Բալլադյուրը, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, հայտնի ամերիկացի գործարար և բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը և այլք:

Շնորհակալ եմ ուշադրության համար»: