«Ազգային ողբերգության մասշտաբը շատերը չեն գիտակցում, բայց այն խորքային հետևանքներ է թողնելու մեր քաղաքակրթական շղթայի ընթացի մեջ». Տարոն Սիմոնյան
240
Հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ., 02:54
Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Թշնամու կողմից հայ մարդկանց ձերբակալմամբ, սպանություններով, հայրենազրկմամբ ու ցեղասպանությամբ պայմանավորված ազգային ողբերգության մասշտաբը շատերը չեն գիտակցում, բայց այն խորքային հետևանքներ է թողնելու մեր քաղաքակրթական շղթայի ընթացի մեջ։ Խնդիրը շատ ավելի խորքից չլուծելու պարագայում կրկնվելու է այս շղթան, ավելին՝ մինչև այս էլ է կրկնվել։ Իսկ շատերը զարմանում են՝ թե ինչու է այդպես լինում, երբ իրենք ջանք ու եռանդ են թափում տգետներին և/կամ օլիգարխներին իշխանությունից հեռացնելու, ցեղասպանությունից մազապուրծ հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, հայրենիքն անձնազոհաբար պաշտպանելու գործում։ Սակայն այդ ահռելի և երբեմն՝ գերմարդկային նվիրումից զատ խնդիրը խորքային լուծում է պահանջում։ Քաղաքական ու քաղաքակրթական անչափահասությունը (ինֆանտիլիզմ) մրցակիցներ չի հանդուրժում։ Այն պատրաստ է կործանել անգամ աշխարհը (օրգանիզմը), որտեղ ինքն ապրում է, միայն թե չհասունանա ու որոշում կայացնելու պատասխանատվություն չստանձնի։ Սառը դատողականությամբ չհաշվարկելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և այլ պետությունների շահերը՝ մենք հիմնականում առաջնորդվեցինք երևակայություններով և պատրանքներով։ Չգիտակցեցինք, որ դրանցից որևէ մեկի շահը ուղղակիորեն չի համընկնում Հայաստանի և հայ ազգի շահի հետ (ինչը տրամաբանական է), իսկ անուղղակի համընկնումների և դրանց շերտերի գերակշիռ մասը չօգտագործեցինք կամ հանցավոր ինքնավստահությամբ հայտարարեցինք, որ իրենք պետք է օգտագործեն մեր փոխարեն, որովհետև դե «մենք յուրահատուկ ազգ ենք, մեզ կսիրեն ու կփայփայեն»։ Եղած ամբողջ էներգիան ազգային ներուժը կուտակելու ու բազմապատկելու փոխարեն ուղղեցինք այդ իսկ ներուժի մասնատմանն ու վանելուն։ Այդկերպ մանկամտության, իռացիոնալիզմի, տգիտության, արդյունքում՝ կործանարար քայլերով փակեցինք/փակում ենք Երրորդ Հանրապետության պատմության էջը։ Ի՞նչ տվեցինք, ի՞նչ ստացանք և ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք, այս երեք տասնամյակի ընթացքում՝ դարերով խոսելու ենք, արդարացնելու ու մեղադրելու ենք, հաշտվելու ու ընդվզելու ենք ․․․ Ի՞նչ ենք ցանկանում սրանից հետ, ի՞նչին ենք պատրաստ և արդյո՞ք մեր ցանկությություններն ու մեր աշխատանքը պատրաստ են քայլել զուգահեռ՝ դեռ պիտի իրենց պատասխաններն ստանան։ Մի բան է հստակ՝ անչափահաս լինելու շքեղությունը մեզ համար մահաբեր է։ Բնությունն ու մարդկությունը մեզ այլևս իրավունք չեն տալու շարունակել լինել ինֆանտիլ։ Մենք կա՛մ պետք է հասունանք՝ որպես պետականություն ունեցող ազգային միավոր և ազգային ներուժը զարգացնող պետականություն, կա՛մ դառնանք հիշողություն պատմության գրքերում։ Խնդիրը բարդ է ու բազմաշերտ, սակայն ակունքներում մարդ-անհատն է, նրա հոգեբանությունը, հանրային գիտակցությունը, պետականության գաղափարը, դրա ուղեծիրը։ Մնացյալն այս ամենի հետևանքն են և մակերեսը։ Ցավն ու ցասումը պիտի տրանսֆորմացնենք համոզմունքի, որ այս մարտահրավերն էլ կհաղթահարենք, նոր՝ վերածնված Հանրապետություն էլ կստեղծենք (թեկուզ անունը Չորրորդ լինի), Արցախը Մայր Հայաստանին էլ կմիավորենք, առաջադեմ հանրություն ու պատասխանատու քաղաքացի էլ կդաստիարակենք, եթե այս ամենից դասեր քաղենք ու հասունանանք որպես անհատ, հանրություն և պետականություն»: