Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի՛ շփոթվեք, հայե՛ր: Այն աղմուկն ու բեմադրությունը, դավաճանությունն ու թալանը, տգիտությունն ու անբարոյականությունը, որ պարտադրվում է ձեզ տեսանելի և աներևույթ, սիրելի և ատելի սուբյեկտներից, որևէ առնչություն չունեն ՀԱՅ ՄԱՐԴՈՒ հետ: Հայ մարդ լինելը միայն էթնիկական պատկանելություն չէ, այն միայն ՀՀ անձնագիր ունենալը չէ, այն միայն աշխարհի տարբեր մասերում ապահով կյանք փնտրող, բայց առանձին հայերի զոհողությամբ հպարտանալը չէ, այն ընդհանրապես խեղված «հայրենափրկության» մասին բարձր գոռալն ու պատրանքային թշնամիներ կարգելը չէ ... Անկախ որևէ պատկանելությունից ու ծագումից՝ հայ մարդ լինելը ճանապարհի ընտրություն է. ընտրություն է՝ լինելու մարդկության խղճի տերը, ընտրություն է՝ այդ հիմքով ձևավորելու արժանապատվության էտալոնը, ընտրություն է՝ գիտակցելու սեփականի ու ընդհանուրի անխափան փոխկապվածությունը, ընտրություն է՝ լինելու ավելին, քան միայն բնազդն ու հույզերը, ընտրություն է՝ կառուցելու ներսում Վեհ հոգի, Ազնիվ միտք, Նվիրական վարք և Քաջություն (ՎԱՆՔ, #սկզբիցպետքէսկսենք), ընտրություն է՝ դրսում ընդարձակելու մարդկության հորիզոնը, ընտրություն է՝ ձուլվելու բանականության առաջընթացի մղմանը, ընտրություն է՝ ապրելու հայտնության բերկրանքն ու դրանով բացահայտելու մարդու, ազգի և մարդկության առաքելությունը, ընտրություն է՝ հաղթանակի՝ բարձրանալու և բարձրացնելու, ընտրություն է ամեն օր սեփական գործով բարձրացնելու հայ մարդու կոչումը, ընտրություն է՝ լինելու նոր մշակույթի ու քաղաքակրթության հիմնաքարերից մեկը (#ԱՐԲԱՆԷ) ... Նրանք, ում դուք տեսնում ու լսում եք բարձր ամբիոններից, որևէ առնչություն չունեն հայ մարդու կերպարի հետ: Նրանք միայն փշրում են մարդկության համար այդքան կարևոր այն փխրուն ազգային հենարանը, որ, արդեն չորս հազար տարուց ավել իր ներսով անցկացնելով մարդկության բոլոր հնարավոր ապրումները, ամրանալու է և դառնալու նոր սկիզբ ոչ միայն հայկականության, այլև մարդկության համար: Նրանք դավաճանության ու թալանի մեղադրանքների ներքո կեղծ հայրենասիրությամբ ոչնչացնում են այն սերմերը, որ պիտի նոր անտառ դառնան և նոր քաղաքակրթություն ... Նրանք դուք չեք, դուք ձեր ընտրությունն եք՝ լինելու բարձր, լինելու ՀԱՅ, որ, եթե անգամ չեք կարողանում ձեր մեջ դեռ կերտեք, պիտի կերտեք ձեր զավակների մեջ: Մի՛ շփոթվեք, հայե՛ր»։