Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԼՂՀ լուծարմամբ ազդարարվեց Հայաստանի ավարտը». Հրանտ Տեր-Աբրահամյան

«ԼՂՀ լուծարմամբ ազդարարվեց Հայաստանի ավարտը». Հրանտ Տեր-Աբրահամյան
493
Հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ., 17:00

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԼՂՀ լուծարմամբ միայն ԼՂՀ-ն չի լուծարվում:
Իրականում սա նաև այսպես կոչված Երրորդ Հանրապետության, հետսովետական Հայաստանի ավարտի ազդարարումն էր: Ճիշտ է, դա նոր չի ավարտվել, այլ 2020-ի նոյեմբերի 9-ին, բայց շատերս դա դեռ չենք գիտակցել, և շարունակում ենք կարչել դրա փրփուրներից:
Գրում եմ՝ հետսովետական Հայաստան, որովհետև իրապես անկախ Հայաստան մենք չենք կառուցել, և նոր պետք է կառուցենք:
Հետսովետական Հայաստանը սկսվեց 1988-ին և ավարտվում է այսօր:
Առաջնային նպատակ է դառնում այդ հետսովետական Հայաստանի մնացուկները, ներառյալ այսօրվա իշխող թիմն ու իրենց երկվորյակ զույգ ընդդիմությունը՝ բաղկացած «Երրորդ հանրապետության» նախկին վերնախավերից, ճամփելը՝ հեռու հեռուներ:
Սա միակ նպատակը չէ, և ինքնանպատակ չէ, բայց անհրաժեշտ պայման է:
Նախևառաջ պետք է վերականգնվի պատասխանատվություն երևույթը, որն այսօր ի սպառ բացակայում է՝ շնորհիվ այսօրվա իշխանություն-ընդդիմություն սիմական զույգի երեք տարվա փաստացի գործակցության:
Նվազագույն քայլը քաղաքական ազգ դառնալու ճանապարհին պետք է լինի պատասխանատվություն պարտադրելը:
Նախ՝ էսօրվա կառավարությանը՝ պարտության և Արցախի կորստյան համար: Չի կարող սա առանց պատասխանատվության անցնել: Սա պետք է կյանքի նպատակ դառնա: Երբեք ոչ ոք չպետք է մտածի, որ պետք է մի ամբողջ սերունդ հայերի զոհաբերությունը, ջանքը, գործը վարի տա մի քանի տարում, ու դա նորմալ է:
Երկրորդ՝ ՀՀ քաղաքական վերնախավի մեծ մասին՝ սկսած նրանցից, ովքեր քաղաքական և պետական ֆիգուրներ դարձան Ղարաբաղի անունով և պայքար, պայքար մինչև վերջի կարգախոսով: Սա էլ է պարտադիր: Իմ սերնդակիցները սզկիբն են տեսել, հիշում են: Ոչ ոք չպիտի մնա առանց պատասխանատվության: Ոչ էլ մեկը մյուսի վրա գցելով մեղքը կարող են արդարանալ:
Հասնելու համար այս նվազագույն նպատակին, պետք է ոչ թե սպասենք հերթական սուր իրավիճակին, ու հետո հարցնենք՝ բա հիմա ինչ անենք:
Այդպես չի ստացվի:
Երկու օրում հայրենիք չես փրկի:
Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրավիճակ կունենայինք:
Դրա համար պետք է սկսել աշխատանքը՝ մի քանի ամսում կառուցելու համար իրապես ազդեցիկ համազգային Շարժում:
Ոչ թե տարրերային, փողոցային մի բան:
Այլ՝ գաղափարական, ծրագրային, կազմակերպված, Հայաստանով մեկ տարածված Շարժում:
Դա ամեն դեպքում օրերի գործ չի, որքան էլ բոլորս ուզենանք արագ լուծում:
Սա մեր ինքնիշխանության վերականգման նախնական քայլը պետք է լինի:
Շարժումը չպետք է լինի բոլորի միասնություն:
Այդպես չի լինում:
Բոլոր հայեր չկան:
Պետք է ունենալ սահմաններ՝ գաղափարական, արժեքային, ծրագրային, կազմակերպչական: Դրան հասնելու համար պետք է աշխատանքային պլան և ժամանակացույց:
Շարժումը չպետք է կրկնի "Երրորդ Հանրապետության" ավանդական մեթոդաբանությունը՝ "մենակ թե սրանք գնան", հետո կերևա: Մի անգամ արեցինք դա, տեսանք արդյունքը: Չպետք է անձնի խնդիր դրվի: Այդպես խնդիրը դնողները արդեն երեք տարի է այդ նույն անձին փրկում են:
Պետք է դրվի երկրի խնդիր, և ելքի խնդիր:
Պետք է պարզ լինի երկրիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը, ուղենիշները:
Մի անգամ էլ կրկնեմ:
Թող ոչ ոք չխաբվի՝ այսօրվա իշխող թիմը, նրա քաղաքական կուրսը, նրա էկլեկտիկ գաղափարախոսությունը միանգամայն մաս են «Երրորդ հանրապետության»: Նրանք նույնպես օրգանիկ մասն են իր հետմահու գոյությունը քարշ տվող հետսովետական Հայաստանի:
Վերջինը, բայց ոչ անկարևորը:
Կա նաև Պատվի հարց:
Մենք մեր պատիվն ամբողջությամբ դեռ երկար չենք վերականգնի:
Բայց առաջին քայլը Պատվի վերականգման նա է, որ այսօրվա քաղաքական դաշտն իր հիմնական ակտորներով ճամփու դրվի, և պատասխանատվություն կրի:
Սա նվազագույն, ոչ բավարար, բայց անհրաժեշտ քայլն է»: