«Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները». Արման Թաթոյան
175
Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 19:36
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)՝ կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ՝ Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները. - բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը, - լռելը, - իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին, - փաստաբանի իրավունքը, - բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից, - իրավունքների մասին ծանուցվելը: Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել՝ փողոցից սկսած: Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի: Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկված անձն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից: Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող: Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր: Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում' բացառապես: Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը' իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ: Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ: Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են»։