Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան

«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
65
Այսօր, 23:06

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուսով եմ կներեք անհամեստությունս, եթե փաստեմ, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում գրեթե ամբողջական ճշգրտությամբ վերարտադրում է իմ, Մարուքյանի, Արման Գրիգորյանի, Հակոբ Բադալյանի և մի քանի այլ գործիչների ու փորձագետների թեզերը ՀՀ-ի ԵՄ անդամակցության մասին։
Հատկապես վերջին հինգ տարիներին ամենօրյա ռեժիմով խոսել ենք այդ քաղաքականության անհնարինության և կործանարար հետևանքների մասին։ Ներկայացրել ենք դրա հետ առնչվող անլուծելի մարտահրավերներն ու հնարավոր սպառնալիքները։ Թվերով, փաստերով ապացուցել ենք, որ Հայաստանը ոչ մի ԵՄ էլ չի հասնելու, այլ ընդհակառակը, հայտնվելով խորը և անհաղթահարելի ճգնաժամերում, էլ ավելի մեծացնելով կախվածությունը Ռուսաստանից։ Իմ համոզմամբ, հենց այդ պատրանքի ճանապարհին էլ մեր իշխանությունը, որի մի մասն էր նաև Արմեն Գրիգորյանը, զոհաբերեց Ղարաբաղյան շարժման բոլոր նվաճումները։
Իսկ ինչո՞վ է այս ընթացքում զբաղվել նույն Արմեն Գրիգորյանը։ Հայաստանցի այդ բարձրաստիճան պետական այրը իրեն այնպես էր պահում, որ կարծես Ուկրաինայի կամ էլ Լատվիայի ԱԳՆ աշխատակից լիներ։ Պարբերաբար մեկնում էր Վարշավա, Տալին, Լոնդոն, ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավվում հակառուսական քաղաքական ակցիաների, Հայաստանի ներսում հակառուսական պրոպագանդա իրականացնում։ Հենց այդ նույն ընթացքում Գրիգորյանի հովանավորությունը վայելող, գրպանային քաղ․ հասարակության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հանդիպում էին նրա հետ, կիսվում մտքերով և գաղափարներով, թիրախավորում էին ինձ, Մարուքյանին, մյուս գործիչներին՝ ներկայացնելով որպես ԼՈՄ, Կրեմլի ագենտ, գործակալ և այսպես շարունակ։
Եվ ինչի՞ համար էին նրանք այդ ամենը անում․ պարզապես մենք ասում էինք այն, ինչի մասին հենց այսօր գրել է Արմեն Գրիգորյանը։ Պատերազմում ջախջախվելուց, Արցախը հայաթափելուց, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց և անվտանգային միջավայրը փլուզելուց հետո հարգարժան Արմեն Գրիգորյանի միտքը վերջապես փայլատակել է։ Ժամանակին էլ մեզ համոզում էին, թե Արցախը կորցրեցինք, բայց գոնե Եվրոպա կդառնանք, վիզաները կազատականացվեն և վերջապես կպրծնենք ատելի այդ ռուսներից՝ «սպիտակ թուրքերից», բայց ավաղ...»:

Աղբյուրը`   Կարպիս Փաշոյան