Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
62
Այսօր, 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Ազգային ժողով է դիմել՝ պահանջելով տրամադրել ԱԺ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի տեսախցիկների տեսագրությունները։

Գրավոր հարցում ենք ուղարկել Ազգային ժողով՝ պարզելու, թե արդյոք Քննչական կոմիտեից ստացել են գրություն և տրամադրել են արդյոք տեսախցիկների տեսագրությունը։ Ի պատասխան՝ Ազգային ժողովի տեղեկատվության ազատության պատասխանատու Դավիթ Օհանջանյանը հայտնել է. «Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացվող քննության շրջանակում ս. թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է Ազգային ժողովի աշխատակազմ՝ խորհրդարանում տեղադրված տեսախցիկներով արձանագրված տեսագրությունները ստանալու նպատակով: Ստացված դիմումի համաձայն՝ պահանջվող տեսագրությունները տրամադրվել են»։

Ասել է, թե քննչականն արդեն սկսել է կոնկրետ գործընթացը, և տեսագրությունները հասան քննիչներին։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)»։