Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Առաջին Մյուռոնը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը. հետաքրքիր փաստեր Մյուռոնի և Մյուռոնօրհնության մասին

Առաջին Մյուռոնը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը. հետաքրքիր փաստեր Մյուռոնի և Մյուռոնօրհնության մասին
363
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 23:36

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելների ժամանակներից:
Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը:
Այս մասին է նշում նաև Վարդան Արևելցին իր «Աշխարհացույցում»: Հայաստան գալով՝ նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան:
Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչն այդ սուրբ յուղը խառնում է իր օրհնած Մյուռոնին: Եվ այսպիսով, ձևավորված ավանդության համաձայն, ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում սրբազան ավանդության հանդեպ իր հավատարմությունը:
«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Հնում ձիթենու յուղ էին օգտագործում արևելյան ազգերը և հատկապես հրեաներն իրենց աստվածպաշտության մեջ:
Ս. Մյուռոնի պատրաստությունն սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը:

Առաջին Մյուռոնը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը. հետաքրքիր փաստեր Մյուռոնի և Մյուռոնօրհնության մասին
Առաջին Մյուռոնը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը. հետաքրքիր փաստեր Մյուռոնի և Մյուռոնօրհնության մասին

Ս. Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ՝ ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը:
Արդեն շուրջ 120 տարի է, ինչ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում՝ Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:
Առաջին Մյուռոնը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը. հետաքրքիր փաստեր Մյուռոնի և Մյուռոնօրհնության մասին
Առաջին Մյուռոնը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը. հետաքրքիր փաստեր Մյուռոնի և Մյուռոնօրհնության մասին

Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897թ. սեպտեմբերի 14-ին:
Հայ եկեղեցին Մյուռոնօրհնության ծեսը կատարում է 5-7 տարին մեկ։