Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական, ապազգային քայլը»․ Լիլիթ Գալստյան

«Ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական, ապազգային քայլը»․ Լիլիթ Գալստյան
1032
Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2024 թ., 16:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ… բազմաթիվ հարցեր, չհիմնավորված պատասխաններ․
ԱԺ-ում, իմ և Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ կառավարության կողմից շրջանառվող «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին նախագծի հեղինակ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, պատգամավորներ, անհատ կատարողներ։
Գործող օրենքի մշակույթի ոլորտի ամենահայեցակարգային օրենք է, որը սահմանում է պետության հանձնառությունների և մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքերը։
Ըստ էության, խառնաշփոթի և իրավական նոնսենսի է ենթարկվել գործող օրենքը, ուր մի շարք փոփոխությունների կողքին նախատեսվում է հրաժարվել ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակից, /Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային օպերա և այլն, նաև
սահմանվում է ԻՆՔՆԱԶԲԱՂ մշակույթի/արվեստի գործիչ հասկացությունը։
• Ներկաների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ԻՆՔՆԱԶԲԱՂ հասկացության սահմանմանը և դրանից բխող իրավահարաբերություններին, մնացին անպատասպան, քանի որ ԿԳՄՍ փոխնահարար Դանիել Դանիելյանի հայտարարությամբ՝ կսահմանեն, հետո կհասկանան, թե ինչ չափորոշիչներով է հստակեցվելու այս սեգմենտը և ինչ պարտավորություններ է ստանձնելու պետությունը։
Անտրամաբանական, իմաստազուրկ և անընդունելի էր նաև փոխնախարար Դ․ Դանիելյանի այն հիմնավորումը, թե Ազգայինը հանվում է «Պետականություն» բառի ավելի արժևորման և նրա օգտագործումը կանոնակարգելու նպատակով։
Նախ՝ ազգայինը և պետականը սոսկ բառեր չեն, այլ՝ բովանդակություն ունեցող հասկացություններ են, և հետո՝ սա կեղծ և մտացածին հակադրություն է, որը, բնականաբար, որևէ հիմնավորում չունի։
Համաշխարհային պրակտիկան նույնպես մերկացնում է կառավարության անհեթեթ, քննադատության չդիմացող հիմնավորումները։ /Բրիտանական ազգային գրադարանը Լոնդոնում, Ֆրանսիայի Ազգային գրադարանը Փարիզում, Ջեֆերսոնի ազգային գրադարանը Վաշինգտոնում, Բաստիլ ազգային օպերան կամ Իռլանդիայի ազգային պատկերասրահը, Իտալիայի, Լեհաստանի կան Պորտուգալիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլն։
Սրանք ազգային կարգավիճակ ունեն տվյալ ժողովրդի, նաև համամարդկային մշակույթի մեջ ունեցած բացառիկ դերակատարության համար։
Վերջիններս, ինչպես և մեր Օպերան, Պատկերասրահը կամ Ազգային գրադարանը մեր ինքնության և ժառանգության մասն են։
Եվ ինչ ցավալի է, որ այս պարզ ճշմարտությունները բարձրաձայնելու կամ ՔՊ-ական իշխանությունից պաշտպանելու կարիք ունեն։
Սա է իրականությունը և սա Դանիել Դանիելյանի տիրույթում չէ․ քպ-ական իշխանության քաղաքական արժեքաբանության տիրույթում է, իշխանություն, որը խորշում է ազգային ամեն բանից․ սա զիջելու և ազգային ինքնությունը մերժելու, ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական, ապազգային քայլն է։
Իսկ նախարարությունը պատասխաններ չուներ․․․»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան