Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ֆրանսիայի նախապայմանն էր, որ Պրահայում Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Հակոբ Բադալյան

«Ֆրանսիայի նախապայմանն էր, որ Պրահայում Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Հակոբ Բադալյան
162
Այսօր, 01:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն», այսօր Երևանում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը շփվել է լրագրողների հետ:

Անշուշտ, ինչպես ցանկացած երկրի, այդպես առավել ևս Ֆրանսիայի պարագայում ողջունելի է Հայաստանի հասցեին շռայլվող հռետորաբանությունն ու նաև հավաստիացվող աջակցությունը: Իհարկե, ինչպես ցանկացած երկրի, այդպես էլ Ֆրանսիայի աջակցության հավաստիացումների պարագայում պետք չէ արբենալ և լինել դյուրահավատ:

Սակայն, սա այլ խոսակցության առարկա է:

Տվյալ պարագայում ուշադրության արժանացնենք հարգարժան դեսպանի խոսքը, թե Ֆրանսիայի աջակցությունն առանց նախապայմանի է:

Թույլ տվեք կասկածել, հարգարժան դեսպան: Ֆրանսիայի նախապայմանը թերևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահան էր, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Այլապես, ինչո՞ւ մեր բարեկամ Էմանուել Մակրոնը՝ մասնակցելով այդ հանդիպմանը, չօգնեց Հայաստանին խուսանավել այդօրինակ ճակատագրական որոշումից:

Իհարկե, Փարիզը, թերևս, ակնկալում էր, որ Ադրբեջանն էլ իր հերթին է ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջությունը, որից հետո էլ իհարկե Ֆրանսիան կստանար Հայաստանի հարցում առավել անկաշկանդ քաղաքականության հնարավորություն՝ միաժամանակ կոնֆլիկտ չունենալով Ադրբեջանի հետ:

Բայց Ադրբեջանը առ այսօր չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջությունը, փոխարենը Ֆրանսիայի հետ կոշտ հռետորաբանությամբ հարաբերության ռեժիմում է:

Ի դեպ, Ֆրանսիայի պայմանի մասին ևս մի վկայություն է այն, որ, չնայած հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության պատրաստակամության մասին հավաստիացումներին, որ հնչում էին 2021-ից ի վեր, առաջին փաստաթուղթը, որ ստորագրվել է այդ թեմայով, եղել է 2023-ի հոկտեմբերին՝ Արցախի ամբողջական էթնիկ զտումից, հայաթափումից հետո միայն:

Շատ կարճմիտ կամ նեղմիտ պատկերացումներ այդօրինակ դիտարկումները համարում են «հակաֆրանսիականություն», ինչպես օրինակ ժամանակին այդօրինակ հարցադրումներն ու դիտարկումները որոշ շրջանակներ էլ համարում էին «հակառուսականություն»: Ֆրանսիայի հետ հարաբերությանը վերաբերող հարցերին «սրբազան կովի» կարգավիճակ հաղորդելը այդ հարաբերությունը ժամանակի ընթացքում հանգեցնելու է այնպիսի ճգնաժամի, ինչպիսի ճգնաժամի ու հետևանքի որ հանգեց հայ-ռուսական հարաբերությանն առնչվող հարցերը «սրբազան կովի» կարգավիճակով «օժտելը»:

Իսկ ես, ինչպես հայ-ռուսական հարաբերության ժամանակ եմ մերել կենացներով առաջնորդվելն ու խոսելով հարաբերության կարևորությունից, սուր կերպով արտահայտվել եմ այդ կարևորությանը հարվածող խնդիրների ու խութերի մասին, այդպես էլ այսօր խոսում եմ Ֆրանսիայի հետ հարաբերության թեմայով, որպեսզի այդ հարաբերությունն էլ չհայտնվի «երանության թմբիրում», այլ կառուցվի քաղաքական հստակ գիտակցման վրա: Իսկ քաղաքական հստակ գիտակցումը ոչ թե կենացն է, բարի ցանկությունների պերճաշուք շարադրումը, այլ գոյություն ունեցող իրողությունների և փաստերի առնչությամբ հարցեր տալու և կասկածելու կամքն ու համարձակությունը՝ ի շահ հենց հայ-ֆրանսիական հարաբերության առողջ և ամուր հեռանկարի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան