«Ապրիլից հետո արցախցիների ահռելի տոկոսն ստիպված է լինելու արտագաղթել». Մարիամ Աբրահամյան
319
Երեկ, 22:42
Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱն ԹԵ՞ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ: Ինչպես տեղյակ եք, ապրիլի 1-ից դադարեցվում է 40+10 աջակցության ծրագիրը և շահառու են հանդիսանալու միայն «հատուկ» խմբի անձինք, որոնք մինչև հունիս ամսի ստանալու են 40 հազար, իսկ դրանից հետո մինչև դեկտեմբեր՝ 30 հազար դրամ: ՀՀ Ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ բնակարանների ապահովման համար տրամադրվող սերտիֆիկատների դիմորդների խայտառակ ցածր թիվը (ընդամենը 300 հոգի) պայմանավորված է նրանով, որ դեռ 40+10 աջակցության ծրագիրը շարունակվում է, հենց դադարեցվի կունենան պատկերացրած թիվը))) Զուգահեռ իրականությունում ՀՀ ԱԳ նախարարը արցախցի լրագրողի՝ «արդյո՞ք ինքը բանակցում է արցախցիների հետվերադարձի հետ կապված հարցերով» պատասխանում է. «Բանակցում էինք, երբ Լեռնային Ղարաբաղում հայեր էին ապրում, հիմա եկել, Երևանում ասում եք՝ արցախցիների վերադարձ: ՀՀ կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի հոգա արցախցիների բոլոր կարիքները»։ Երևում է՝ նախարարը հիշողության կորուստ ունի, հակառակ դեպքում կհիշեր, որ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց, երբ ՀՀ իշխանությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառվում էր Արցախը: Սա, իհարկե, մեր լռության արդյունքն է, երբ տարուց ավելի մեզ «կերակրում» էին կառավարության աբսուրդային որոշումներով, սպառնում, որ կդադարեցնեն աջակցության ծրագրերը, հետո որպես «բարի» կամքի դրսևորում մի քանի ամսով երկարաձգում, իսկ մարդիկ ծափահարում էին ու շնորհակալություն հայտնում՝ մոռանալով, որ առավել կարևոր ու հիմնարար իրավունքների պահանջ ունեն: Նույն սցենարը հիմա է. առաջարկել են վատթարագույն, իբրև թե, բնակապահովման ծրագիր: Հետո մտցրել «բարեփոխումներ», որպեսզի ասեն՝ տեսա՞ք, սրանից վատ որոշում էր, հիմա «պայքարի» արդյունքում դրական փոփոխություններ կան: Այնինչ, պետք չէ լինել ֆինանսական ոլորտի մասնագետ հասկանալու համար, որ իրականում էական ոչ մի փոփոխություն էլ չի արվել, անիմաստ ենթակետերի՝ գրեթե նույնությամբ վերաշարադրանք: Տեղահանվածների մեծ մասը աշխատանքի բերումով բնակություն է հաստատել ք. Երևանում: Նախատեսված ծրագրով ու պսևդոբարեփոխումներով հանդերձ բնակապահովման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ու քանի չափահաս մարդիկ հույսը դնում են ինչ-որ կասկածելի հանդիպումների արդյունքում սպասվող փոփոխությունների վրա, մասնակցում անհասկանալի հարցումների, ՀՀ կառավարութունը շատ սահուն իր օրակարգն է առաջ տանում, որի արդյունքում ապրիլից հետո արցախցիների ահռելի տոկոսն ստիպված է լինելու արտագաղթել, որովհետև իրենց աշխատանքից ստացված եկամուտը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջմունքները բավարարելուն, էլ ուր մնաց՝ հիփոթեքային վարկ փակելուն»: