«2025-ին սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունը կասեցվա՞ծ է»․ Ծաղիկ Վարդանյան
336
Երեկ, 15:36
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրկին փաստում եմ, որ ցավոք, մեր պետության կողմից ՀՀ քաղաքացիների համար սահմանած սոցիալական երաշխիքները բժշկական ծառայությունների մասով թույլ են, հատվածական (ՀՆԱ-ի մոտ 1,6%)։ Բայց նույնիսկ այդ փոքր տիրույթը նորմալ չի գործում՝ հիմա էլ խնդիրներ են առաջացել սոցփաթեթի շահառուների բուժսպասարկման կազմակերպման մեջ: Ըստ տեղեկությունների, ապահովագրական կազմակերպությունները առողջապահության նախարարության հետ 2025 թվականի համար պայմանագիր չեն կնքում՝ պատճառաբանելով, որ նախորդ տարվա կատարած աշխատանքի դիմաց առողջապահության նախարարությունը իրենց պարտքեր ունի՝ չփոխհատուցած գումարներ: Ստացվում է, որ առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակներում բժշկական կազմակերպություններին ունեցած պարտքին զուգահեռ, ապահովագրական կազմակերպություններին էլ պարտքեր ունի: Այսպիսով՝ շուրջ 120 հազար սոցիալական փաթեթի շահառուի և մոտ 18 հազար բուժաշխատողի բժշկական օգնությունը խաթարվել է, քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուները չի կարողանում ժամանակին կազմակերպել ապահովագրական կազմակերպությունների հետ հարաբերությունները և կառավարել ֆինանսական հոսքերը: «Առողջության Իրավունք» ԻՀԿ-ին բողոքներ է ստացել սոցփաթեթի շահառուներից, ովքեր ներկայացրել են, որ բժշկական կենտրոններում կամ իրենց մերժում են կամ առաջարկում են գումար վճարել բժշկական ծառայությունների համար՝ հետագայում վերադարձնելու պայմանով, երբ ապահովագրականը այդ ծառայությունը կփոխհատուցի: Իսկ առողջապահության նախարարությունը հերթական «հրահանգավորումն» է արել բժշկական կենտրոններին՝ «դուք ծառայությունը մատուցեք, եթե ապահովագրականները չփոխհատուցեն, մենք կփոխհատուցենք»: Սա իրական քաոս է, որը ԱՆ-ի կողմից ստեղծված է ապահովագրական կազմակերպությունների հետ հարաբերությունները խճճելու նպատակով՝ հետագայում կառավարությանը ներկայացնելու համար, որ սոցփաթեթի շահառուների չսպասարկման «մեղավորը» ապահովագրական կազմակերպություններն են ՝ լավ չեն աշխատում: Պետք է վերցնել նրանցից սոցփաթեթի շահառուների բժշկական ծառայությունների կազմակերպման ՀՀ կառավարության կողմից պատվիրակված գործառույթները: Այս եզրահանգումն ամենևին էլ «դավադրության տեսություն» հարթակից չէ, այլ փաստերի հստակ վերլուծության արդյունք: Այսպես, 2024 թվականին առողջապահության նախարարության առաջարկով համապատասխան կառավարության որոշման մեջ կատարած փոփոխությունները «հուշում» են, որ առողջապահության նախարարության լեգենդար «բարեփոխումների» շքերթը հասել է ապահովագրական ընկերություններին. Եթե մինչև 2024 թվականը ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարությանը հանձնարարել էր՝ «նախարարության և ապահովագրական ընկերությունների միջև պայմանագրերը կնքվում են յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև այդ տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա ավարտը՝ ...», ապա 2024 թվականից, ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարությանը վերահանձնարարում է՝ «Նախարարության և ապահովագրական ընկերությունների միջև տվյալ տարվա պայմանագրերը կնքվում են յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը.....»: Եվ պայմանագրի կնքմանը համահունչ սահմանվել են ժամկետներ՝ ծառայությունների գների, յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված ապահովագրական գումարի և ապահովագրավճարի մեծության և այլ հաշվարկների համար մինչև հունվարի 31-ը: Ստացվում է, որ տարին սկսվում է, սակայն սոցփաթեթի շահառուների բուժօգնության նախապատրաստական աշխատանքները դեռ չեն ավարտվել՝ գուցե չեն էլ սկսել: Լավ, այս աստիճան խառնաշխոթ, այսքան հետընթաց՝ անգամ գործառնական պարզ աշխատանքների, ժամկետների մեջ, հանդուրժելի է՞։ Պետական աշխատողների, ուսուցիչների, թանգարանի աշխատակցի մեղքն ո՞րն է, ինչո՞ւ պետք է տուժվեն: Քանի՞ անգամ կարելի է պայմանգիրը կնքել և հետադարձ ուժ տալ դրան: Իսկ ՀՀ կառավարությունը «ժամանակ» չունի, հավատում է առողջապահության ոլորտի կազմակերպիչներին և «չզեկուցվող» որոշումներով օրինականացնում նրանց «ծույլիկությունը» և հեռահար մութ նպատակները: ՀՀ առողջապահության նախարարություն, ինչքա՞ն կարելի է պահանջել, պարտադրել ԲԿ-ներին, ապահովագրական կազմակերպություններին, իսկ փոխարենը ձեր վրայից հանել բոլոր տեսակի պատասխանատվությունները՝ անգամ ժամկետների մասով: Կարծում եմ տեղին է ձեզ հիշեցնելը. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք Հոդված 128. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: ՀՀ կառավարություն՝ սոցշահառուների մի մասը անմիջապես ձեր կողքին են, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, մարզպետարաններ, դատախազություն, սահմանադրական դատարան,հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, հաշվեքննիչ պալատ, դուք տեղյա՞կ չեք, որ բուժսպասարկման խնդիրներ կան, թե՞ Նիկոլ Փաշինյան՝ առաջարկ՝ պահանջեք պարզաբանում առողջապահության նախարարությունից, ինչո՞ւ մինչև հիմա հնարավոր էր պետական պատվերի պայմանագրերը, ապահովագրական կազմակերպությունների հետ սոցփաթեթի շահառուների սպասարկման պայմանագրերը ավարտվող տարվա դեկտեմբեր ամսին պատրաստել և կնքել, իսկ հիա՝ անհնար է դարձել: Չէ որ շատ կարևոր է, որ մինչև տարին սկսելը բժշկական կազմակերպությունները տեղյակ լինեն պետության հետ իրենց հարաբերությունների մանրամասներին, որպեսզի ճիշտ պլանավորեն և կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը, բժշկական ծառայությունների ծավալները, որից շահելու է ՀՀ քաղաքացին: Ինչու չէ, նաև Ան-ի համար է շատ կարևոր՝ տարին սկսել արդեն ամբողջովին պատրաստ և հնարավորինս կանխատեսելի: Հ.Գ. Ռուբիկ/կուբիկ խաղալիքի վերածված իմ խեղճ առողջապահություն.....»։