Շաբաթ, 01 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ապացուցվեց՝ Քոչարյանը ստել է և թաքցրել, որ Մեղրին ԼՂ-ով փոխելու տարբերակ է բանակցել»․ Արամ Սարգսյան

«Ապացուցվեց՝ Քոչարյանը ստել է և թաքցրել, որ Մեղրին ԼՂ-ով փոխելու տարբերակ է բանակցել»․ Արամ Սարգսյան
124
Երեկ, 22:30

«Այն մարդիկ, ովքեր գնել են Ռոբերտ Քոչարյանի գիրքը, հանգիստ կարող են վառել, որովհետև այդ գրքում այն հիմնական մասը, ինչը Ռոբերտ Քոչարյանի բանակցելուն է վերաբերում, ամբողջը սուտ է, իսկ եթե ամենակարևորի մասին գրածը սուտ է, մնացածին հավատալն անհեթեթ է։ Եթե մարդը գերկարևորը ստում է ու թաքցնում, ապա ոչ կարևորի մասին գրելը գլուխգովանություն է»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած՝ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխելու վերաբերյալ գաղտնի բանակցությունների մասին փաստաթղթերին, Ռոբերտ Քոչարյանի կողմից թեմայի առնչությամբ արձագանքին։

Հարցին, թե «սուտ է» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, Սարգսյանը պարզաբանել է․ «Այն, որ գրքում գրել է, որ Մեղրին Լաչինով փոխելու տարբերակ ընդհանրապես չի եղել ու չի քննարկվել։ «Ազատության» ռեպորտաժում ԱՄՆ օրինակով ուղիղ ու պարզ հերքում են դա։ Եղել է տարբերակ՝ փոխանակել Մեղրին Արցախով ու Լաչինով, այսինքն՝ Մեղրին տալիս ես, Լաչինը և Արցախը մնում են։ Քոչարյանն ասում է, որ նման տարբերակ չի եղել, իսկ ԱՄՆ գաղտնազերծած փաստաթուղթը հիմնավորում է, որ դա քննարկվել է։ Ռոբերտ Քոչարյանը դա գերգաղտնի է պահել, այնքան գաղտնի է պահել, որ անգամ Վազգեն Սարգսյանը չի իմացել ու մանրամասները լսելով՝ զարմացել է, ինչի մասին ևս գաղտնազերծված փաստաթղթերում կա։

Երկրորդը՝ Քոչարյանը չի գրել, որ պատերազմի հաղթած կողմը, իրեն «վոյին» համարող մարդը, «միակ տղամարդը», որը խնդիր լուծող էր, ՀՀ ամենապիկի ժամանակ, երբ որ հաղթած էր, գնացել է տարածքային փոխանակման տարբերակով խնդիր լուծելու։

Երրորդ՝ ըստ Քոչարյանի՝ ՀՀ-ն համարել է, որ ԼՂ-ն իր մարզն է։ ԼՂ-ն այն ժամանակ արդեն անկախ էր ճանաչվել, իսկ Քոչարյանը, ԼՂ-ի փոխարեն, որոշել էր փոխանակել»։

Սարգսյանը հավելել է, որ ԱՄՆ-ն իրականում մինչև վերջ դեմ է եղել Մեղրիով փոխանակման տարբերակին, և հենց ԱՄՆ ջանքերով է եղել, որ Քի Վեսթի բանակցային պրոցեսի ժամանակ համաձայնության չեն եկել։

«Առաջին մարդը, որ բարձրաձայնել է այս մասին, եղել եմ ես, հերքում էին, մինչև հիմա էլ հերքում են, ու իր գրքում էլ Քոչարյանը գրել է, որ ես սուտ եմ ասել։ Հիմա ապացուցվեց, որ ես սուտ չեմ ասում, և եթե ինքը բարոյականություն ունի, պետք է ասի՝ ներողություն, պարո՛ն Սարգսյան»։

Արամ Սարգսյանի անդրադարձը՝ ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած՝ Մեղրին ԼՂ-ով փոխելու մասին գաղտնի բանակցությունների փաստաթղթերին