Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան»․ Դավիթ Կարապետյան

«Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան»․ Դավիթ Կարապետյան
158
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 16:06

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զելենսկու զուլումը…
Թրամփ-Պուտին-Էրդողան, մաս-մաս կանեն Ուկրաինան…
Այսպիսով՝ Սաուդյան Արաբիայում մեկնարկեցին ռուս - ամերիկյան բանակցությունները։
Հիմնական թեման՝ Ուկրաինան է, չնայած այդ հարցում կոնսենսուս ունենալուց առաջ հասկանալի է, որ դեռ պետք է վերբեռնեն իրենց խարխլված հարաբերությունները:
Այդ մասով, երկուստեք կա ցանկություն և ձևավորվում է վստահության մթնոլորտ:
Կողմերը կառուցողական ու արգասաբեր են գնահատել առաջին հանդիպումը:
Ամերիկյան կողմն անգամ խոսել է դիվանագիտական հարաբերությունների բարելավման, ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով ավելի ինտենսիվ բանակցություններ վարելու համար Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան բնականոն աշխատանքների վերականգման անհրաժեշտության մասին:
Անգամ հաստատվեց, որ Թրամփը ցանկանում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատել։
Ավելին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետք է հայտարարի, թե՝ «Պատերազմի ավարտի դեպքում արևմուտքը ստիպված կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»։
Այսպիսով՝ բանագնացները ֆիքսեցին առաջին համատեղ ձեռքբերումները, իսկ հիմա նախապատրաստական աշխատանքներ են տանում մոտ օրերս Պուտին-Տրամպ հանդիպումը կազմակերպելու համար:
Այն որ բանակցություններն ընթանում են երկկողմ ֆորմատով, բնականաբար առաջացրել է թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի և թե՛ Թուրքիայի դժգոհությունը, զայրույթն ու ցայտնոտը:
Վերջիններս իրենց արհամարհված ու ստորադասված են համարում:
Զելենսկին սրտնեղում է, որ իրեն որպես բանակցությունների կողմ չեն հրավիրել, խոսում է բացառապես քառակողմ՝ Ուկրաինա, Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ ֆորմատով բանակցություններ անցկացնելու մասին, հետևաբար՝ «սպառնում» չճանաչել Էր Ռիյադում տեղի ունեցող բանակցությունների արդյունքներն ու պայմանավորվածությունները:
Իր հերթին Թուրքիան, որպես «բարի կամքի դրսևորում» պատրաստակամություն էր հայտնել Ուկրաինայի հարցով հարթակ տրամադրել կողմերին:
Սակայն հանդիպման վայրը մնաց անփոփոխ:
Իհարկե դա չխանգարեց, որ Թուրքիայի նախագահի հրավերով Զելենսկին ժամանի Թուրքիա:
Անկարայում տեղի ունեցավ էրդողանի և Զելենսկու հանդիպումը։ Էրդողանի նպատակը պարզ է. Զելենսկուն շտապ Անկարա է կանչել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող ռուս - ամերիկյան բանակցությունների նախօրեին, որպեսզի դեմոնստրացնի կոնֆլիկտին իր մաս կազմելը, պարտադրի իրեն հաշվի առնելն ու իր հետ հաշվի նստելը, ինչպես նաև նրան օգնելու, օժանդակելու պատրաստակամությունը:
Ակնհայտ է, որ ռուս - ամերիկյան երկխոսությունն ու հավանական համաձայնությունները լրջագույն վտանգներ են պարունակում Թուրքիայի համար, քանի որ նման երկխոսության պայմաններում Թուրքիայի դերը տարածաշրջանում էապես նվազելու է։
Թուրքիան փաստացի զրկվելու է հակամարտությունում չեզոք երկրի դերակատարի ու միջնորդի կարգավիճակից:
Հետևաբար՝ Թուրքիայի շահերից չի բխում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը, առավել ևս՝ պատերազմի ավարտը:
Եվ տրամաբանական է, որ նա փորձի Զելենսկուն համոզել սաբոտաժի գնալ և մերժել ԱՄՆ-ին։
Չի բացառվում, որ դրա դիմաց Էրդողանը սկսի մեծ ծավալներով զինել Ուկրաինային, որպեսզի վերջինս կարողանա շարունակել պատերազմը։
Հետևաբար, այս համատեքստում պրոցեսները գնալու են զուգահեռ։
Բնականաբար՝ Թրամփի վարչակարգի աչքից այս հանգամանքը չի կարող վրիպել: Մանավանդ, երբ չուշացավ վերջինիս շատ սուր հայտարարությունները Զելենսկու մասին: Նա հայտարարեց, որ «հիասթափված Է Ուկրաինայի դիրքորոշումից ՌԴ-ի հետ հակամարտության համատեքստում. նրանք երեք տարի են ունեցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Այս կոնֆլիկտը հնարավոր էր լուծել դեռևս տարիներ առաջ՝ առանց տարածքային կորուստների»:
«Ուկրաինայում վաղուց չեն եղել ընտրություններ, իսկ Զելենսկին այժմ ունի ընդամենը 4 տոկոս վարկանիշ։
Պետք է գնալ ընտրությունների: Եթե Ուկրաինան ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա երկրում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ»։
Ընդ որում, այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ ուղիղ ակնարկում է Զելենսկու նագագահի լինելու այլևս անհամատեղելիության մասին և որ այդ առումով արդեն իսկ կա կոնսենսուս:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկում են (առաջարկն այստեղ հասկանում ենք որպես պահանջ և անքննելի որոշում) եռաստիճան խաղաղության ծրագիր, որը ներառում է՝ հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, այնուհետև՝ վերջնական համաձայնություն:
Ինչ խոսք՝ Զելենսկին այլևս «թիրախավորված է», ուլտիմատումն էլ՝ հնչեցված: Սա մեղմ ասած «նամյոկ» է վերջինիս նախագահի պաշտոնն ինքնակամ լքելու մասին:
Տպավորություն է, որ այն չկատարելու պարագայում ՝ «փափուկ ուժը» վերածվելու է կոշտի:
Թրամփը հենց այնպես չհիշատակեց, որ «ռուսները 100 տոկոսով կարող են ավիրել Ուկրաինայի բոլոր քաղաքները, այդ թվում՝ Կիևը, բայց չեն ուզում դա անել»:
Ընդ որում՝ Թրամփը Զելենսկուց նաև պահանջում է բայդենյան վարչակարգի կողմից տրված սպառազինության ու ֆինասական գումարների վերադարձը, պնդելով, որ դրանք Ուկրաինային չեն տրվել անհատույց ու անվերադարձ:
Որ այն որպես օգնություն է տրամադրվել՝ հետ վերադարձի պայմանով:
Նրան զայրացրել է նաև այն, որ՝ «Զելենսկին չի կարողանում ասել, թե որտեղ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացրած 150 միլիարդ դոլար գումարների կեսը:
Նա պետք է բացատրություն տա, թե ո՞ւր են այդ փողերը»՝ այդկերպ մեղադրելով նրան թալանի, գումարների մսխման կամ անկարողության, ոչ կոմպետենտության, ոչ կառուցողականության մեջ:
Այսպիսով՝ արտաքին պրեսսինգի արդյունքում, չի բացառվում որ մոտ օրերս արդեն իսկ սկսվի Զելենսկու «ապալեգիտիմացման» պրոցեսն ու նրա հեռացման գործընթացը: Չի բացառվում, որ Զելենսկին ոչ թե հեռանա, այլ պարզապես փախչի, եթե ողջ մնա։
Ասօր նրա միակ աջակիցն ու «փրկիչը» Էրդողանն է, ով ամեն գնով փորձելու է միջամտել ու խանգարել խաղաղության հաստատմանը, քանզի ռուս - ամերիկյան կարգավորումը բացարձակապես չի բխում իր շահերից։
«Այլևս փաստ է, Ուկրաինայում պատերազմը գրեթե ավարտվել է առանց Կիևի մասնակցության ու առանց նրա կարծիքը հաշվելու», «Թրամփի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ ռազմական գործողություններն այլևս չեն կարող շարունակվել», «Ռուսաստանը փաստացի հաղթանակ է տարել Ուկրաինայի և ՆԱՏՕ — ի նկատմամբ», «ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո կարող ենք արձանագրել Վ. Պուտինի քաղաքական ու ռազմական հաղթանակը», «Սանկցիաները շուտով էլ չեն լինի, ռուսական բանկերը կանցնեն իրենց նախկին գրաֆիկին, պատերազմը վերջնական կկանգնի Զելենսկիի համար նվաստացուցիչ պայմաններով» նման վերտառությամբ հոդվածներով հանդես են գալիս անգամ ամերիկյան հայտնի պարբերականները:
Այստեղ է որ առաջ է գալիս՝ «ուժն է ծնում իրավունքը» հայտնի արտահայտությունը:
«The Economist» պարբերականը հայտնում է, որ Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի ֆոնին Եվրոպայում արդեն իսկ քննարկում են ռուսական գազին վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա բխում է եվրոպական երկրների տնտեսական շահերից․ առաջիկայում կսկսվեն բանակցություններ ռուսական գազի՝ եվրոպական երկրներ մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։
Ի դեպ այս մասով, ՀՀ գործող իշխանությունների «թունդ» ներկայացուցիչներն ուղիղ տեքստով ասում են՝ «Հրաժարվենք ռուսական գազից, մի քանի տարի էլ զրկանքներ կրենք, սառենք, միայն թե հասնենք Եվրոպա»:
Իսկ Եվրոպան այդ ընթացքում ինքն է սկսում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցելու գործընթացը, այդ թվում՝ գազի մասով։
Այսպիսով՝ ինչպես անգլիական դիվանագիտությունն է ասում՝ «չկան հավերժական դաշնակիցներ առավել ևս՝ թշնամիներ, կան շահեր»: Երբեք չեմ կարծել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին դիտարկում է որպես թշնամի ու հակառակը:
Ժամանակ առ ժամանակ լինում են շահերի ու դիրքորոշումների բախումներ, տարընկալումներ, հարաբերություններում կարող են առաջանալ խորը ճգնաժամ, որոնք նորմալ երևույթներ են, բայց հաղթահարվի:
Նրանք որպես հեգեմոն գերտերություններ հասկանում են, թե ինչ հետևանքներ կունենա եթե իրար համարեն թշնամիներ ու տեղի ունենա բախում:
Երկուստեք այդ մտավախությունը զսպում է նրանց գնալ կոմֆրոմտացիաների: Եկած պահին նրանք միշտ գալիս են հայտարարի ու համագործակցում են: Մենք հիմա դրա ականատենք ենք: Այս ամենը ցուցիչ է նաև մեզ համար:
Հայաստանի շահերից է բխում ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը և դրանց արդյունքում երկարաժամկետ համաձայնության հասնելը, ինչպես նաև՝ օր առաջ պատերազմի դադարը:
Հայաստանը ուկրաինազացվելու ճանապարհին է, որը պետք է կանխել: Այլ վտանգների ու հավանական սցենարների մասին՝ կլռեմ…Կասեմ ընդամենը՝ սթափվիր Հա՛յ ժողովուրդ, աչքիդ առաջ տեղի ունեցողից վերջապես դասեր քաղիր»:

Աղբյուրը`   Դավիթ Կարապետյան