Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ընտրություններ, հանրաքվե՞, թե՞ երկուսը մեկում․ «Հրապարակ»

Ընտրություններ, հանրաքվե՞, թե՞ երկուսը մեկում․ «Հրապարակ»
116
Երեկ, 08:54

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։ Ռիսկային են համարել համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելը։ Ճիշտ է՝ գործող օրենքը թույլ չի տալիս հանրաքվեն և ընտրությունները նույն օրն անցկացնել, սակայն օրենքը փոխելը ժամերի հարց է ՔՊ-ական մեծամասնության համար: Խնդիրն այն է, որ անգամ իշխանության աջակիցները, իմանալով, որ Նիկոլին ձայն տալու հետ միաժամանակ Ալիևի պահանջը պետք է կատարեն, կնախընտրեն չմասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցողների 50% +1-ը կողմ է քվեարկել: Եվ որպեսզի մինիմալ շեմը՝ 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող։ Ի դեպ, հանրաքվեների ժամանակ ձևավորվում են նաև «Ոչ»-ի շտաբներ, որոնք «դեմ»-ի քարոզչություն են իրականացնում, սա ևս կարգավորվում է օրենքով, և «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանական ուժերին: Սակայն դա չի խանգարում, որ արտախորհրդարանական ուժերն էլ նույն քարոզչական գծի մեջ հանդես գան, պարզապես եթե խորհրդարանական ուժերը համաձայնում են «Ոչ»-ի շտաբն առաջնորդել, ապա եթերային անվճար ժամանակը, ընտրահանձնաժողովներում տեղերը նրանց են տրվում»։