«Հայաստանում բոյկոտի անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել». Սոնա Աղեկյան
150
Երեկ, 12:36
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոյկոտը ամոթ չէ, այն ինքնապաշտպանության մեխանիզմ է և հասարակական պայքարի հզոր միջոց Բոյկոտը թույլ է տալիս մարդկանց չդառնալ թալանի ու անարդարության մաս՝ ցույց տալով, որ իրենք պատրաստ չեն ֆինանսապես աջակցել այն որոշումներին, որոնք չեն բխում իրենց շահերից կամ խոցում են սոցիալապես անապահով խավերին։ Հայաստանում բոյկոտի անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել, հատկապես այն պարագայում, երբ քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը փորձում է հարստանալ խոցելի խավերի հաշվին։ Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը վառ օրինակ է, երբ առանց պատշաճ հաշվարկների ու առանց արդարացված մոտեցման փորձում են հավելյալ ֆինանսական բեռ դնել հասարակ քաղաքացիների վրա։ Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարը՝ բոյկոտը շարունակվում է։ Պետք չէ տրվել այն մտքին, թե «ինչ կարող ենք փոխել», քանի որ պատմությունը ցույց է տվել, որ կազմակերպված ու միասնական բոյկոտները ունենում են մեծ ազդեցություն։ Երբ մարդիկ մերժում են անարդար վճարումները, գերվճարները կամ կասկածելի ծառայությունները, նրանք ստիպում են որոշումներ կայացնողներին վերանայել իրենց քաղաքականությունը։ Բոյկոտը անհամաձայնության, թալանի մատերիալ չդառնալու ու սեփական շահերը պաշտպանելու միջոց է, պետք չէ ամաչել, թող ամաչեն նրանք, ովքեր սոցիալապես խոցելի մարդկանց խղճուկ փողերով ուզում են հարստանալ։ Երբևէ չի կարելի մոռանալ, որ հասարակական զարգացումը և պայքարի, տվյալ դեպքում բոյկոտի արդյունքը պայմանավորված է քաղաքացիական դիրքորոշմամբ։ Մարդիկ պետք է ավելի վստահորեն կիրառեն բոյկոտի մեխանիզմը՝ ցույց տալու համար, որ իրենք ոչ թե խոցելի թիրախ են, այլ պահանջատեր ու գիտակից հասարակության անդամներ։ Ուրեմն, քանի դեռ կան անարդարություններ, առկա է անհիմն թանկացում, կան շահագործման փորձեր, բոյկոտը այն զենքն է, որով պետք է պայքարել։ Թող ամաչեն նրանք, ովքեր փորձում են մարդկանց վերջին կոպեկով հարստանալ, ոչ թե նրանք, ովքեր գիտակցաբար հրաժարվում են մասնակցել այդ խաղին։ «Մայր Հայաստան»-ը շարունակում է աջակցել բոյկոտող քաղաքացիներին և հորդորում, որ բոլորը բոյկոտեն, յուրաքանչյուրիս ակտիվ բոյկոտից է կախված պայքարի արդյունքը»: