«Վեյփերի օգտագործումը խիստ վտանգավոր է». Արմեն Մուրադյան
220
Երեկ, 15:24
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բժիշկներն ու մասնագետները զգուշացնում են վեյփ ծխելու հետևանքով առաջացած նոր և վտանգավոր հիվանդության մասին՝ խոսքը EVALI-ի մասին է (անգլերեն՝ E-cigarette and Vaping use-Associated Lung Injury՝ թոքերի վնաս՝ պայմանավորված էլեկտրոնային ծխախոտով և վեյփերի կիրառմամբ): EVALI-ն թոքերի հյուսվածքի սուր ինհալացիոն վնասվածք է։ EVALI ունեցող 95% պացիենտների համար պահանջվում է հոսպիտալացում թոքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ 1/3-ի համար պահանջվում է թոքերի արհեստական օդափոխություն: Մասնագետների գնահատմամբ՝ էլեկտրոնային նիկոտին պարունակող կամ նիկոտինազուրկ արտադրանքի օգտագործումը կարող է առաջացնել ոչ միայն EVALI, այլև սրտի, արյան անոթների, շնչառական համակարգի ախտահարում։ Հիվանդության ուսումնասիրությունը դանդաղել է կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր՝ առաջացած ախտանիշների նմանության պատճառով, և դրա հայտնաբերման մակարդակը դադարել է աճել, ինչը, սակայն, չի նվազեցնում դրա վտանգը վեյփ օգտագործողների համար: Հիվանդությունը ստացել է «պոպկորնային» անունը, քանի որ պացիենտի թոքերից լսվում է պայթող պոպկորնի նմանվող ձայն։ Այն ուղեկցվում է շնչառական դժվարություններով, հազով, ցավով և թթվածնային քաղցով։ Ըստ Yale Medicine կայքում հրապարակված հոդվածի՝ դեռևս 2019թ-ի ամռանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը (CDC) սկսել է հետաքննել վեյփերի օգտագործման հետ կապված հոսպիտալացումների կտրուկ աճը: Պացիենտները բողոքել են շնչառական բազմաթիվ ախտանշաններից, ներառյալ դժվարաշնչությունը, հազը և ցավը կրծքավանդակում: Նրանք բոլորն էլ մեկ ընդհանուր բան են ունեցել. նրանք վեյփեր են օգտագործել նախորդ երեք ամիսների ընթացքում: 2020 թվականի փետրվարին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը գրանցել է ավելի քան 2800 հոսպիտալացում EVALI-ի պատճառով, ինչպես նաև հիվանդության հետևանքով արձանագրվել է 68 մահ: Հետազոտողները հայտնաբերել են վիտամին E ացետատ քիմիական նյութը, որն ավելացվել է THC պարունակող որոշ վեյփային արտադրանքներին՝ որպես հիվանդության հիմնական, բայց, հնարավոր է, ոչ միակ պատճառը: Հիվանդության հավաստի դեպքերի բռնկումը տեղի է ունեցել երիտասարդների շրջանում շարունակվող վեյփային համաճարակի ֆոնին: Ըստ CDC-ի տվյալների՝ պացիենտների 15%-ը 18 տարեկանից ցածր է եղել: EVALI-ն կարող է առաջացնել հետևյալ ախտանշանները. • Շնչառության դժվարություն • Հազ • Ցավ կրծքավանդակում • Ջերմություն և դող • Լուծ, սրտխառնոց, փսխում և որովայնի ցավ • Հաճախասրտություն • Արագ և մակերեսային շնչառություն Որո՞նք են EVALI-ի առաջացման պատճառները: Հետազոտողները EVALI-ի առաջացումը կապել են վիտամին E ացետատի՝ վիտամին E-ի սինթետիկ ձևի հետ, որը հայտնաբերվել է THC պարունակող որոշ վեյփային արտադրանքներում: Ներշնչելիս այս քիմիական նյութը կարող է վնասել թոքերը: Մեկ ուսումնասիրության ընթացքում վիտամին E ացետատը հայտնաբերվել է թոքերի հեղուկում 51 պացիենտներից՝ 48-ի մոտ, որոնցից նմուշներ էին վերցվել 16 նահանգներում: Ի հակադրություն, առողջ մարդկանցից վերցված թոքային հեղուկի նմուշները վիտամին E ացետատ չեն պարունակել: Այս և այլ ուսումնասիրությունների պատճառով վիտամին E ացետատը համարվում է EVALI-ի առաջացման հիմնական պատճառը: Նիկոտին և THC պարունակող վեյփային արտադրանքներում հայտնաբերված այլ քիմիական նյութերը նույնպես կարող են դեր ունենալ այս վիճակի զարգացման գործում: EVALI-ի ախտորոշումը բավականին դժվար է, քանի որ թոքերի այս հիվանդության ախտանիշները նման են շնչառական այլ հիվանդությունների ախտանիշներին, ինչպիսիք են թոքաբորբը և նույնիսկ սեզոնային գրիպը: EVALI-ի ախտորոշման հատուկ թեստ գոյություն չունի. միակ տարբերակը այսպես կոչված «բացառումների ախտորոշումն» է, ինչը նշանակում է, որ բժիշկը բազմաթիվ թեստեր է անցկացնում՝ բացառելով այլ հավանական հիվանդություններն ու պայմանները: Բուժումը կարող է ներառել. • Կորտիկոստերոիդներ՝ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են բորբոքումը: • Աջակցող թերապիա. պացիենտները կարող են լրացուցիչ թթվածին ստանալ: Ավելի ծանր դեպքերում միացնում են արհեստական շնչառության սարքին: • Հակաբիոտիկներ՝ այս դեղերը կարող են նշանակվել պացիենտին ախտորոշիչ թեստերի վերջնական արդյունքների ստացման պահին, քանի որ EVALI-ն դժվար է տարբերակել բակտերիալ վարակներից: • Հակավիրուսային դեղեր. քանի որ EVALI-ն առաջացնում է ախտանիշներ, որոնք նման են որոշ վիրուսային վարակների, հակավիրուսային դեղամիջոցները կարող են օգտագործվել, հատկապես գրիպի սեզոնի ընթացքում: Քանի որ այս առողջական վիճակը գրեթե նոր է, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կզգան իրենց պացիենտները բուժման ավարտից և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Վերոհիշյալ հոդվածում նշվում է, որ ոմանք նորից հիվանդանում են՝ ստերոիդներով բուժումը դադարեցնելուց հետո, ուստի հետևողականությունը կենսական նշանակություն ունի»: