«Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը». Սուրեն Սուրենյանց
218
Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 18:30
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը: Գյումրիի ավագանու ընտրություններից հետո, բավականին երկար համբերատար սպասեցի, որպեսզի հետո որևէ մեկը չհանդգնի ինձ մեղադրել՝ բարենպաստ ստատուս-քվոյի ձևավորմանը խանգարելու համար: Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որը գրեթե բացառում է Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետ ունենալու հեռանկարը և եկել է որոշ ճշմարտություններ բարձրաձայնելու ժամանակը: Ամբողջ քարոզարշավի ժամանակ ես հարգելի գյումրեցիներին հորդորել եմ՝ չհավատալ հին հեքիաթներին և հեղափոխական ստերին: Ավագանու ընտրությունների հենց հաջորդ օրը հույս եմ հայտնել, որ «ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում»: Արդարացե՞լ են իմ սպասումները և առհասարակ՝ ինչի՞ մասին էին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները: Դրական երկու արդյունք արձանագրվել է՝ ՔՊ-ն, ըստ ամենայնի, չի ունենա տեղական իշխանություն Գյումրիում և երկրորդ՝ մեր հասարակությունն աստիճանաբար սկսում է հավատալ, որ ընտրությունների միջոցով երկրում հնարավոր են փոփոխություններ: Հատկապես երկրորդ հանգամանքն անչափ կարևոր է՝ 2026-ի համապետական ընտրությունների համատեքստում: Սրանով, սակայն, Գյումրիի ընտրությունների դրական հետևանքը վերջանում է, որովհետև այդ ընտրությունները, մեծ հաշվով, քաղաքական համակարգի ֆիասկոյի մասին էին: Գյումրիի մոդելը շատ վատն է, որովհետև դա պատմություն է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և տեղական երկու կլանների հաջողության մասին (ի դեպ, այս վիճակը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման ուղղակի հետևանքն է): Եթե որևէ մեկը սա համարում է քաղաքական հաջողություն, ապա խնդիր ունի ռացիոնալ մտածողության հետ: Քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի հենց այն, որպեսզի թույլ չտրվի Գյումրիի մոդելի տարածումը երկրում. Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանությունից պետք է հեռացվեն քաղաքական այլընտրանքի կողմից: Այլ խոսքով, հետևանքը չի կարող վերացվել պատճառի միջոցով: Ինչի՞ մասին է Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունը: Դարձյալ կրկնեմ՝ տեղի չունեցան հետընտրական քաղաքական կոնսուլտացիաներ և որպես հետևանք՝ Գյումրիում ունենալու ենք խիստ խոցելի քաղաքային իշխանություն: Պատճառները մի քանիսն են. 1) Վարդան Ղուկասյանն ունի անհատական խոցելիություն, ինչը կամ իշխանության մոտ մեծացնելու է «Վանաձորի մոդելը» կրկնելու գայթակղությունը, կամ էլ՝ Ղուկասյանի մոտ արթնացնելու է իր «հեղափոխական» անցյալը վերհիշելու ինքնապաշտպանական բնազդը: 2) Վարդան Ղուկասյանն ավագանու փոքրամասնության քաղաքապետ է լինելու, որովհետեւ նրան սատարող ընդդիմադիր երեք խմբակցությունները հրաժարվում են նրա հետ կոալիցիա կազմել: Այս հանգամանքը այդ երեք խմբակցություններին չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, բայց երաշխավորված ինստիտուցիոնալ ճգնաժամ է ստեղծում քաղաքային նոր իշխանության համար, եթե Ղուկասյանին «օգնության» չհասնի ՔՊ-ն: Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե ընդդիմադիր չորս խմբակցությունները գային կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում: Այդ կոնսենսուսի հիմքում պետք է լիներ ՔՊ-ին ու կլանային մտածողությունը մերժելը: Չի ստացվել: Ուրեմն, Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ անկախ դրանց արդյունքից, օրակարգում դարձյալ լինելու է Գյումրին՝ նոր արտահերթ ընտրություններով»: