«Ինչո՞ւ է Ավանեսյանը ձգձգում Զեյնալյանի նշանակումը»․ Ծաղիկ Վարդանյան
231
Այսօր, 15:24
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն ազատվեց պաշտոնից։ Հասկանալի է, որ Արման Հովակիմյանի ազատման որոշումը կայացվել է ոչ թե Առողջապահության նախարարությունում, այլ Կառավարությունում։ Օրեր առաջ Անահիտ Ավանեսյանը վստահությամբ հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածուն Նարեկ Զեյնալյանն է: Սակայն արդեն երկրորդ շաբաթն է սույն տիկինը տնօրեն չի նշանակում։ Ըստ Առողջապահության նախարարության մեր հավաստի աղբյուրների՝ Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի նշանակած միակ տնօրենն է, որի հետ Ավանեսյանը դեռևս 2023 թվականին օրենսդրությամբ սահմանված առավելագույն՝ երեք տարի ժամկետով երկարացրել էր աշխատանքային պայմանագիրը։ Ու թեև վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Ավանեսյանը երկու խոշորագույն բժշկական կենտրոնների տնօրենների անսպասելի ազատումները համարում էր բնականոն գործընթաց և իբր նոր փուլի մեկնարկ, այնուամենայնիվ նախարարությունում վստահ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի ազատումը, մեղմ ասած, Ավանեսյանի սրտով չի եղել։ Ըստ մեր աղբյուրների՝ այն պահից, երբ հայտնի է դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Արման Հովակիմյանի փոխարեն պետք է Նարեկ Զեյնալյանը նշանակվի, նախարարը հապճեպ նոր հաստիքացուցակ է հաստատել: Այնուհետև նախարարությունից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժ/պ-ից պահանջել են, նախքան Զեյնալյանի նշանակումը, նոր հաստատված հաստիքացուցակով կենտրոնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել Արման Հովակիմյանի ամենամտերիմ մարդկանցից մեկին՝ գնումների համակարգող Երանուհի Սարգսյանին: Տնօրենի պաշտոնակատար Մանուկյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե կենտրոնի վաստակաշատ բժիշկները դեմ են այդ նշանակմանը։ Նա հայտարարել է նաև, որ ինքը ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է և որևէ նշանակում չի կատարելու՝ պահելով իրեն արժանապատիվ մենեջերի և բժշկի նման։ Ուրբաթ առավոտյան նախարարը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կրքերը հանդարտեցնելու, կենտրոնի անձնակազմին իբր «ենթարկեցնելու» և Երանուհի Սարգսյանին աշխատակազմի ղեկավար կարգելու նպատակով։ Ըստ տեղեկությունների անձնակազմն Ավանեսյանի պահանջները ընդունել է սվիններով, արտահայտվել են բոլորը և ուղիղ ցույց տվել, որ չեն պատրաստվում ենթարկվել: Նախարարը վատ ընդունելության արժանանալուց հետո, կենտրոնից հեռացել է նեղսրտած, անորոշ։ Հ.Գ. Նարեկ Զեյնալյանի նշանակումը ձգձգվում է նախարարին և Արման Հովակիմյանին խիստ անհրաժեշտ հաստիքային փոփոխություններ իրականացնելու միջոցով հետագայում նորանշանակ տնօրենին մեկուսացնելու և վարչական լծակներից զրկելու նպատակով։ Նիկոլ Փաշինյան, առողջապահության ոլորտի ձեր ընտրած կառավարիչները ոչ թե «նույն դասարանում են մնացել», այլ չեն էլ ընդունվել որևէ դասարան: ՀՀ առողջապահության նախարարություն, ձեր մտքի թռիչքը մինչև «աշխատակազմի ղեկավար»-ն է, դուք այլ պաշտոնի անուն չգիտե՞ք։ Հարգանքներիս հավաստիքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արժանապատիվ բժիշկներին»։