Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Շամիրամում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Շամիրամում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման
358
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 17:12

Եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում տեղի ունեցած 4 հոգու սպանության գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին «Նյուզ»-ին հայտնել են տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
Թելման Քալաշյանը մեղավոր է ճանաչվեց 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որոշումը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 17-ին։ Նիստը նախագահել է դատավոր Սուրեն Մնոյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում ապօրինի ձեռք բերված հրազենով սպանել է 4 մարդու, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ Այդպիսով՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։