Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Անահիտ Ավանեսյանը ստեղծում է կադրային մատրիցա, որտեղ հնազանդներն են և յուրայինները»․ Ծաղիկ Վարդանյան

«Անահիտ Ավանեսյանը ստեղծում է կադրային մատրիցա, որտեղ հնազանդներն են և յուրայինները»․ Ծաղիկ Վարդանյան
196
Այսօր, 00:18

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս Առողջապահության նախարարը անընդհատական ռեժիմով կարևոր պաշտոններ զբաղեցնող կադրեր է ազատում աշխատանքից: Ի սկզբանե նշեմ, որ անձը պաշտոնի մեկ օր նշանակվում, մեկ այլ օր էլ՝ ազատվում է: Առերևույթ չկա որևէ տարօրինակ բան պաշտոնյայի աշխատանքից ազատման մեջ:
Սակայն «սատանան մանրուքների մեջ» է և հասկանալու համար իրականում ինչ է կատարվում, դիտարկենք մի քանի պաշտոնազրկման դեպքեր.
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից և վայր դրեց Երևան քաղաքի ավագանու մանդատը: Ըստ լրատվության նրա և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի ազատումը կապված է չարաբաստիկ «նվիրատվությունների» հետ, որի մասին Առողջապահության նախարարությունը գիտեր վաղուց: Ըստ հավաստի տեղկությունների Նարեկ Մանուկյանի պաշտոնից ազատումը պայմանավորված է եղել Նիկոլ Փաշինյանին դեռևս 2024 թվականի տարեվերջին «զեկուցված» մի սուտ տեղեկությամբ, թե Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը 2022 թվականի փետրվարին ՌԴ Սոչի քաղաքում իր իսկ կողմից կազմակերպված՝ Ուռուցքաբանների համահայկական ամենամյա կոնգրեսին ինչ-որ արտահայտություն է արել: Հակառակ դեպքում ստացվում է, որ տասնյակ հիվանդանոցներում «նվիրատվություններ» է հայտնաբերվել, սակայն «պատժվում» են երկու տնօրեն:
Կախվածության բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ազատման իրական պատճառը, ըստ տեղեկությունների, չհնազանդվելն է և պահանջված եզրակացությունը չվավերացնելը:
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին ԴՆԹ նույնականացման սարքերի ձեռք բերման գործով իրավական խնդիրներ առաջացրեցին և ազատեցին զբաեցրած պաշտոնից: Այն դեպքում, որ որևէ սարք/սարքավորում առանց առողջապահության նախարարության իմացության և թույլտվության չի գնվում կամ օտարվում: Դատաբժշկական ոլորտը ամայացնել էր պետք:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Արտյոմ Վանյանը ազատվեց է զբաղեցրած պաշտոնից սեփական կարծիք ունենալու համար: Իսկ նրան փոխարինել է վերջերս Ազգային Ժողովում «կորտիզոլն» ու «ադրենալինը» իրար խառնած ուիգմորականների սիրելի Ստեփան Աթոյանը:
Այսպիսով, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր պաշտոնավարման շրջանում ստեղծում է կադրային մի մատրիցա, որտեղ բացառապես հնազանդներն են և յուրայինները: Մարդիկ, ովքեր չեն հանդգնի անգամ մտածել այլ ձևով:
Կադրային այս ծրագիրը նա իր ղեկավարությանը ներակայացվում է որպես «սաբոտաժ» անողներից ազատում, և/կամ յուրային է, սակայն ինչ-որ բան է ասել և կապ չունի, որ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտը ճահճից հանել է և այսօրինակ այլ բացատրություններ: Հավելենք, որ այս հարցում նա ունի շատ լավ օգնական՝ հանձինս իր տեղակալ Լենա Նանուշյանի:
Բոլոր այս ներկայացրած նախկին պաշտոնյաները տարիների մեծ փորձ ունեն, աշխատել են և՛ հանգիստ ժամանակներում, և՛ պատերազմի, և՛ COVID-19 համավարակի ժամանակ:
Այսպես անփութորեն, սեփական ամբիցիաներին հագուրդ տալով պետական կառույցներից հեռացնել բոլոր պրոֆեսիոնալներին, իրականում մեծ հարված է հենց պետական համակարգին: Տարիներով պետությունը այս պաշտոնյաների վրա ներդրում է արել՝ վերապատրաստումներ, գործուղումներ, աշխատանք, հիմա ազատում են աշխատանքից և հաճույքով տեղը նշանակում մոտիկ- ծանոթ-բակի ընկեր ևայլ մարդկանց:
Առողջապահության կադրային մատրիցան, պետության շահերից չի բխում և ծառայում է կառավարող անհատներին:
Նիկոլ Փաշինյան, Հայաստանում ոչ թե կադրային սով է, այլ կադրեի «ջարդ»: Հարցրեք Առողջապահության նախարարին իր սեփական բիզնեսից կհեռացնե՞ր այդպիսի փորձով և հմտություններով մարդկանց:
Հ.Գ. Մի պայծառ օր ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչպես ես չհամաձայնեցի 3 մլրդ դրամ պետական պատվերի գումարների բախշման հետ և ինչպես ինձ ներկայացրեցին որպես «սաբոտաժնիկ»»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան