Պեղումների արդյունքում հայտնաբերված ժայռափոր համալիրը նշանավոր ուխտատեղի է եղել
160
Այսօր, 02:12
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է. «Ժայռափոր համալիր, V-XIII դդ․ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, գ․ Օհանավան: Գտնվում է գյուղից 700 մ հս-աե, Հովանավանքից 2 կմ դեպի հս, Օհանավան գյուղի վարչական տարածքում՝ Քասաղի կիրճի՝ «Սերկևիլի» ձորի հատվածում։ 2024 թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Օհանավան գյուղի բնակչի կողմից հողային աշխատանքներ են իրականացվել Քասաղի կիրճի ձախակողմյան հատվածում, որի արդյունքում հայտնաբերվել է ժայռափոր համալիրը: Համալիրը բաղկացած է ժայռափոր դամբարանից և տարբեր գործառույթներ ունեցող, մի քանի կառույցներից: Առավել ուշագրավ է ժայռափոր դամբարանը, որի մուտքի մոտ, ժայռի մեջ փորված է խորան՝ Սուրբ սեղանով: Վերջինիս վերին և ստորին հատվածները կրասվաղով հարթեցված են՝ եզրերը դեպի դուրս: Այն ունի գեղեցիկ բուսածաղկային մշակում, ինչպես նաև շրջանակի մեջ առնված հավասարաթև խաչ, ինչը ևս փաստում է համալիրի՝ վաղ քրիստոնեական լինելը: Դամբարանը գմբեթաձև է, հարավային հատվածում ժայռը որոշակի խորությամբ մշակված է։ Դամբարանի չափերն են՝ 295x135սմ: Կամարաձև մուտքը հս է, կողքերը մշակված են երկու կիսագլաններով, ունի խարիսխով ու խոյակով սյան տեսք։ Վերին հատվածում կա լուսամուտ։ Դռան բարձրությունը 150սմ է, իսկ լայնությունը՝ 70սմ: Մուտքի արևելյան հատվածում, քառակող սյան պատվանդան կա։ Դամբարանի ներսում, ժայռի մեջ փորված են երկու գերեզմաններ։ 2024 թ պեղումների ընթացքում հայտնաբերվել են մարդկային ոսկորների մնացորդներ: Առաջին գերեզմանի չափերն են՝ 1,50x50x70սմ, խցի վրա դրված է երկթեք վերնամասով, 110x50x17սմ չափսերով տապանաքար։ Երկրորդ խցի չափերն են՝ 1,65x40x85սմ՝ ծածկված է 105x49x20սմ չափերով հարթ տապանաքարով։ Դամբարանի հվ պատին ճրագների տեղադրության համար փորված խորշեր կան։ Մուտքից աստիճանաձև, թեքվող ճանապարհն ուղղված է դեպի երկրորդ կառույցը։ Այն ևս ժայռափոր է սակայն արևմտյան պատը՝ ուր տեղակայված է մուտքը, շարված է տուֆից՝ կրաշաղաախով։ Կրաշաղախը հիմնականում քայքայված է, ենթակա է փլուզման։ Մուտքը՝ 50 սմ է, բարավորի վրա ունի մեծ ճեղքվածք։ Ժայռափոր կառույցի չափերն են՝ 270x157 սմ: Ուսումնասիրությունից պարզվեց, որ այն արևելյան կողմում ունի խորանի նմանվող կիսաշրջանաձև լուծում, ենթադրվում է, որ այն հոգևոր կառույց է։ Հոգևոր կառույցի տանիքից վերև գտնվող հարթակի հյուսիս-արևելյան կողմում պեղումներից բացվել է ժայռի մեջ փորված հնձանի հորը, որի առագաստը ցավոք չէր պահպանվել։ Հնձանահորի կենտրոնում առկա էր նստվածքի համար նախատեսված փոսիկը (տրամ.՝ 75 սմ, խոր․՝ 24 սմ)։ Հուշարձանի հս-աե կողմում գտնվում է տնտեսական նշանակության ժայռափոր կառույցը: Մուտքի դիմաց սալաքարով (60x52 սմ) ծածկված, դեպի հյուսիս ուղղված օդամուղ անցքով, 35x50սմ չափերով թոնիր կա։ Համալիրի հնագիտական նյութերի ուսումնասիրության հիման վրա կարելի է եզրակացնել, որ համալիրում անփոփված են եղել երևելի անձինք։ Գտածոները հուշում են, որ առնվազը մինչև 13-րդ դ. կեսերը տեղացիների համար համալիրը նշանավոր ուխտատեղի է եղել: Տարածքի մակերեսը 180 քմ է»։