«Թե ինչու հայկական Արցախը կարող է գոյատևել միայն ու միայն իր համար հարազատ միջավայրում». Աշոտ Ղուլյան
![]() 98 Այսօր, 00:48 «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ այսօրվա բացթողումների պատճառների մեծ մասը պետք է փնտրել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, կիսատ մնացած գործընթացների և հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում: Քննարկման նյութը հետխորհրդային նոր դասավորության, ավելի ստույգ՝ նոր սերնդի պետությունների կամ չճանաչված, բայց փաստացի գործող պետական կազմավորումների մասին է. Խորհրդային Միության տրոհման պահին առավել հայտնի էին հետևյալ չորս կազմավորումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Աբխազիայի Հանրապետությունը, Հարավային Օսիայի Հանրապետությունը և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը: Այս հայտնի քառյակի մեջ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն (ԼՂՀ) ակնհայտ առանձնանում էր մի շարք հատկանիշներով: Թեկուզ այդ խմբի մեջ ԼՂՀ-ն ամենաուշն էր հայտարարել իր անկախության մասին՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին (պատճառը պետք է փնտրել մինչ այդ ժամկետը գործող կոնցեպտի մեջ, 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին համատեղ որոշումը), և թեպետ Արցախի ազատագրական պատերազմն ամենաերկարատևն էր (1991-1994թթ.), բայց, այս ամենով հանդերձ, Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի Հանրապետությունը, շատ ավելի արագ հաղթահարեց հետպատերազմյան դժվարությունները և 2000-ական թվականների սկզբից կանգնեց կայուն զարգացման ուղու վրա: Նույն այդ ժամանակահատվածում ակտիվացան նաև կապերն ու շփումները հենց այդ կազմավորումների՝ դե-ֆակտո պետությունների միջև. ավելի հաճախակի սկսեցին պատվիրակություններով փոխանակվել, և այդ այցերը սովորաբար տեղի էին ունենում միմյանց տոների առթիվ շնորհավորելու, հիշատակի օրերին հարգանքի տուրք մատուցելու և խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակներով: Այդօրինակ այցելությունների ընթացքում մյուս երեք հանրապետությունների պաշտոնյաները, հանրային գործիչները չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը և, առանց չափազանցության, ընդգծում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջատար դիրքերը քաղաքական, տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում, ինչի մասին նրանցից շատերը խոսում էին բարի նախանձով: Արցախյան կողմից բացատրությունը միշտ նույն տրամաբանության մեջ էր. ՛՛Մենք Հայաստան ունենք մեր թիկունքում, իսկ աշխարհասփյուռ հայության համար Արցախը հպարտության աղբյուր է՛՛: Մայր հայրենիքը և համաշխարհային հայությունը մեզ աջակցում էին բոլոր ուղղություններով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում կողմերի փոխհարաբերությունների և դրանից բխող ձևաչափերի մասին թերևս ճիշտ բնութագրում է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարամյա համանախագահ, ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը, ով իր ՛՛Խաղաղություն Ղարաբաղին՛՛ գրքում, խոսելով ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունների մասին, գրել է. ՛՛Հատուկ դժվարություններ էր ստեղծվել ու ստեղծվում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կոնֆիգուրացիայի յուրահատկությամբ. ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ՛՛երկչափ՛՛ ներպետական կոնֆլիկտների, որտեղ երկու կողմերը ուղղակի հակամարտում էին իրար հետ՝ էթնիկ, կլանային կամ այլ հիմքով, Ղարաբաղում դիմակայության պատկերը սովորական չէր՝ այստեղ ռազմական հակամարտության մեջ երկու կողմ կար, իսկ քաղաքականում՝ դրանք երեքն էին՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը՛՛: Բնական է, որ այս դասավորության մեջ Արցախը պետք է ապավիներ Մայր հայրենիքին, իսկ Հայաստանը պետք է քաղաքական զորակցություն ցուցաբերեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և դառնար նրա անվտանգության երաշխավորը: Անկախության առաջին տարիներին այդ հարաբերությունները դրվեցին ճիշտ հիմքերի վրա և միջազգային ճանաչում ունեցող Հայաստանի Հանրապետությունը զրահ դարձավ Արցախի պետականության ու ժողովրդի համար: Մյուս երեք չճանաչված հանրապետությունների պաշտոնյաների համար Արցախում հետաքրքիր էր ամեն ինչ, բայց հատուկ ուշադրություն կար Արցախի Պաշտպանության բանակի հանդեպ: Ճանաչման ձգտող պետությունների ներկայացուցիչները Արցախ այցելելու իրենց ծրագրերի մեջ խնդրում էին անպայման ներառել ՊԲ զորամասեր կամ դիրքեր այցելելու ցանկությունը և, սովորաբար, այդ այցերից հետո ոգևորված պատմում էին բանակաշինության և, ընդհանրապես, անվտանգության ոլորտին վերաբերող հարցերում Արցախի Հանրապետության առաջընթացի մասին: Այս նկարագրությունների հիմքում նշված տարիների համակողմանի աջակցության փաստն էր և Հայաստան-Արցախ համագործակցության տարեցտարի աճող մակարդակը: Հայկական երկու հանրապետությունների հարաբերությունները բոլոր ուղղություններով այնքան էին խորացել և լրացվել բովանդակային իմաստով, որ պետական շատ հաստատություններ ինքնուրույն համագործակցության հուշագրեր ու համաձայնագրեր ունեին ստորագրված: Հետխորհրդային տարածքի մյուս չճանաչված պետություններից ոչ մեկը չուներ Արցախի Հանրապետության պաշտպանվածությունը արտաքին քաղաքական ճակատներում: Բավական է նշել միջազգային կազմակերպություններում (ընդհուպ ՄԱԿ և ԵԱՀԿ) Արցախի պաշտոնական դիրքորոշումը տարածելու հնարավորության մասին, ինչը կատարվել է ոչ մեկ անգամ: ՀՀ դեսպանատների ու մշտական ներկայացուցչություններին հրահանգված էր համակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին՝ օտարերկրյա այցերի և հանդիպումների ժամանակ: Տարիների ընթացքում ձևավորվում էր նաև Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը, որը համագործակցելով նստավայր երկրներում ՀՀ դեսպանատների հետ, ապահովում էր ղարաբաղյան հիմնախնդրի մասին անհրաժեշտ տեղեկատվական, քարոզչական, լոբբիստական աշխատանքը, որի արդյունքում ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, մանրամասներն ավելի ընկալելի էին դառնում տարբեր երկրների քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական շրջանակների համար: Դասական դիվանագիտական ակտիվությանը զուգահեռ նկատելի ակտիվություն էր գրանցվել նաև խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ: 2010-2020թթ. ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ձևավորվեցին /փոխադարձության սկզբունքով, իհարկե/ հինգ բարեկամական խմբեր ու շրջանակներ: Այս հարթակում ձևավորվող շփումների և փոխհարաբերությունների ընդլայնման գործում նույնպես կարևոր դերակատարություն էին ստանձնել ՀՀ դեսպանները, խորհրդարանի պատգամավորները, այդ երկրներում գործող հայկական կազմակերպությունները՝ Հայ դատի տեղական կառույցների ակտիվ մասնակցությամբ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող ծավալուն աշխատանքի մեջ անչափ կարևոր տեղ ուներ հայկական սփյուռքը՝ իր բոլոր կառույցներով՝ համայնքային, կուսակցական, մասնագիտական կազմակերպություններով, որոնք տարբեր երկրներում իրենց վրա էին վերցրել Արցախի Հանրապետության պաշտպանության, իսկ որոշ երկրներում՝ նաև ներկայացնելու բարդ աշխատանքը: Շատ հաճախ այդ գործունեությունը իրականացվում էր նույն այդ երկրներում գործող կամ գործուղված ադրբեջանական /երբեմն նրանց միանում էին թուրքական կառույցները/ խմբերի կողմից խոչընդոտող ակցիաների և կոշտ հակազդեցության պայմաններում: Հայկական Սփյուռքի դերակատարության մասին խոսելիս չի կարելի շրջանցել այն հսկայածավալ աջակցության թեման, որի շնորհիվ Արցախում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտներում: Այդ ծրագրերի մի ստվար մասը իրականացվել է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության խորհրդանիշ դարձած Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով, որի պատասխանատուները անչափ կարևոր համակարգման աշխատանք էին իրականացնում Արցախում և Հայաստանում պահանջված մի շարք ծրագրերի համար: Առավել հայտնի ծրագրերից են Արցախը Հայաստանին միացնող Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ մայրուղիների շինարարությունը: Սեղմ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ ամբողջովին բացել այն մեծածավալ աշխատանքի բոլոր ուղղությունները, որոնք անհրաժեշտ են եղել Արցախի Հանրապետության առաջատարությունն ապահովելու համար: Համայն հայության կողմից զրկանքները և զոհաբերությունները, որ կատարվել են հայկական Արցախ ունենալու, Շուշին հայությանը վերադարձնելու և տոնական օրեր ունենալու համար, ամբողջովին հակոտնյա են այսօրվա իշխանությունների կողմից Արցախի պետական հաստատությունների հանդեպ վերաբերմունքին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված քաղաքական ուղեգծին: Եվ այդ իրավիճակը որևէ խելամիտ բացատրություն չունի: Ընդհանուր առմամբ, ո՛չ հետխորհրդային տարածքում և ո՛չ էլ աշխարհի քարտեզի վրա որևէ մեկ այլ կոնֆլիկտի (էթնոքաղաքական) պարագայում անհնար է ներկայացնել հիմնավորումների ավելի մեծ փաթեթ, քան մենք ենք ունեցել (այսօր էլ դրանք չեն կորել) ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեպքում, և այս հանգամանքն էլ է ԼՂՀ-Արցախը շահեկանորեն առանձնացրել մյուսներից: Պատմական, իրավական, քաղաքական ու քաղաքակրթական բազմաթիվ հիմնավորումներ ու փաստարկներ, թե ինչու հայկական Արցախը կարող է գոյատևել միայն ու միայն իր համար հարազատ միջավայրում: Իսկ որ դա բացարձակ ճշմարտություն է, ապացույցը 2023թ. հավաքական տեղահանությունն է ցեղասպանության սպառնալիքի ներքո և, ցավոք, այն իրավիճակը, որ այս պահին տիրում է օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում: Գրեթե համոզված եմ, որ կգտնվեն հակաճառողներ, որ այն ժամանակ ուրիշ էր, մենք շահեկան վիճակում էինք և այլն: Որպես այդ պնդումների պատասխան, պետք է հղում անեմ 1992թ. մարտին ձևավորված ԵԱՀԿ (ԵԱՀԽ) Մինսկի կոնֆերանսի նախագահ իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆֆայելլիին, ով նույն 92թ. օգոստոսին, երբ որ Արցախի 40 տոկոսը գրավված էր և, դեռ շարունակվում էր Ադրբեջանի ագրեսիան, ԵԱՀԿ Գործող նախագահ Ի. Դինստբիրին գրած նամակում (ցավոք սկզբնաղբյուրը չգտա՝ Արցախի ԱԳՆ փակ կայքի ու ՀՀ ԱԳՆ «դատարկված» կայքի պատճառով, ուստի մեջբերեմ հիշողությամբ) նշում էր, որ եթե այսպես շարունակվի (խոսքը Արցախ տարածքի շարունակվող օկուպացիայի մասին է), ապա Մինսկի խումբը կկորցնի բանակցությունների առարկան, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ չի լինի (30 տարի առաջ մտածված ծրագիրը նույնն էր): Դրանից հետո եղան 1993-1994թթ. ազատագրական մարտերը և 1994թ. մայիսին հաստատված զինադադարը: (Ի դեպ, այդ կարևոր իրադարձության 31-րդ տարին է լրանում հենց այս օրերին, սակայն պատշաճ անդրադարձ այդպես էլ չկա:) Այս հոդվածը նաև զգուշացում է այն մասին, թե ինչպես չի կարելի առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն»: Աղբյուրը` «Այլընտրանքային նախագծեր» խումբ |
«Թե ինչու հայկական Արցախը կարող է գոյատևել միայն ու միայն իր համար հարազատ միջավայրում». Աշոտ Ղուլյան
9500:48«Իշխանությունը հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն»․ Սենոր Հասրաթյան
12500:42«Հայաստանում էսքան * չկար, էսքան ***ի տղա որտեղի՞ց հայտնվեց»․ Տիգրան Վարդանյան
16000:12«Բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին»․ Սրբազան շարժում
15200:00«ChatGPT-ի մեկնաբանությունը Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ»․ Գևորգ Թոսունյան
248Երեկ, 23:36«Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի «հղիության» պատմության մեջ»․ Նաիրի Հոխիկյան
155Երեկ, 23:18«Նիկոլը սաղին դոգ դարձրեց»․ Լևոն Զուրաբյան
157Երեկ, 23:12«Նիկոլը ներքին չաթում պատգամավորներին պատերով է տալիս». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
143Երեկ, 22:30