«ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան» ձևաչափը փակուղում է»․ Արմեն Պետրոսյան
178
Երեկ, 17:12
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան» ձևաչափը փակուղում է. խաղաղության պատուհան նաև Հարավային Կովկասում Կարճաժամկետ, գուցե նաև միջնաժամկետ հեռանկարում Ալիևի տարածաշրջանային և Հայաստանի հետ կապված ծրագրերում բովանդակային կարևոր խնդիրներ են առաջացել, որը պայմանավորված է ԱՄՆ-Իսրայել իշխանությունների մակարդակում նկատվող խորքային տարաձայնություններով։ Բանն այն է, որ Ադրբեջանի և Իսրայելի կողմից այս տարեսկզբից ակտիվորեն առաջմղվող «ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան» ռազմաքաղաքական համագործակցության ձևաչափը, որի կենտրոնական նպատակն Իրանի դեմ ռազմական տարբեր սցենարների դեպքում Ադրբեջանի կողմից որևէ ներգրավվածության ապահովումն էր, ներկայում արդեն իսկ անթաքույց խնդիրների է բախվում տարածաշրջանի մասով ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումներում բովանդակային տարաձայնությունների առկայության պատճառով։ Եթե Իսրայելի ծայրահեղական և արկածախնդիր կառավարությունը հակված է Մերձավոր Արևելքում առկա խորքային խնդիրների լուծումը տեսնել ռազմական հարթությունում, ապա ամերիկյան վարչակազմն առաջնային պլան է մղել դիվանագիտությունը։ Եվ եթե ամիսներ առաջ Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև կար առնվազն որոշակի փոխըմբռնում, օրինակ, Գազայում ընթացող պատերազմի մասով, ապա ներկայում դա էլ աստիճանաբար չեզոքանում է Բ. Նեթանյահուի կառավարության անխոհեմ վարքագծի պատճառով։ Վերոնկարագրյալ իրավիճակը փաստում են առնվազն մի քանի ակնհայտ զարգացումներ. Նեթանյահուի Ադրբեջան երկարատև այցի չեղարկումը (այն ներկա պայմաններում իմաստ չունի), Դ. Թրամփի առաջին արտասահմանյան այցը Մերձավոր Արևելք, որում Իսրայելն ու նրա շահերը բացահայտ կերպով ստորադասվում են, ԱՄՆ-արաբական միապետություններ-Թուրքիա մոտեցումներում նկատելի ներդաշնակությունը, ԱՄՆ-«ՀԱՄԱՍ», ԱՄՆ-եմենական «Անսար Ալլահ» ուղիղ և առարկայական բանակցությունները, Թրամփ-Ալ-Շարաա հանդիպումը և այլն։ Թվարկվածները հստակ ազդակ են Իսրայելի համար, որ ԱՄՆ-ը չի կիսում Գազայում շարունակվող իսրայելական ագրեսիվ գործելաոճը, Սիրիայի, Իրանի հարցում մոտեցումները և այլն։ Իսկ Թել Ավիվի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակականությունը միանշանակորեն ավելի է խորացնելու այս անջրպետը։ Գալով արդեն Հարավային Կովկասին, վերոնշյալ զարգացումներն ակնհայտ ցուցիչ են, որ ամերիկյան վարչակազմի համար անընդունելի են նաև այս տարածաշրջանում եղած խնդիրների ռազմական լուծումները. այդ մասին վերջին օրերին նաև հնչել են հստակ ուղերձներ ամերիկյան ոլորտային պաշտոնյաների կողմից։ Իսկ ստեղծված իրավիճակն առնվազն դանդաղեցնում է Ադրբեջանի բազմաշերտ ճնշման քաղաքականության իրականացումը Հայաստանի դեմ՝ էականորեն սահմանափակելով դրա կարևորագույն գործիքներից մեկի՝ ուժի կիրառման հնարավորությունը»։