«Հետաքրքիր հանագամանք, որի մասին ոչ մի ոք բացահայտ չի խոսում». Հայկ Մարտիրոսյան
115
Այսօր, 17:48
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագահ Ջո Բայդենը քաղցկեղ ունի։ Որոշ ժամանակ գանգատվելով միզածորանային համակարգի հետ առաջացած դժվարություններից՝ նախկին նախագահն անցյալ շաբաթ այցելել է բժշկի, անցել հետազոտություններ և այսօր ստացվել են պատասխանները։ Բայդենի մոտ շագանակագեղձի իներորդ դասակարգման ագրեսիվ քաղցկեղ է՝ չորրորդ փուլում, որն արդեն տարածված է և անցել է ոսկորին։ Նման ախտորոշմամբ հիվանդների կյանքը, ըստ որոշ մասնագետ բժիշկների կողմից հայտնվող կարծիքների՝ ագրեսիվ՝ խիստ արդյունավետ բուժման պարագայում երբեմն, այն էլ երբեմն, հնարավոր է լինում երկարաձգել մինչև 3 տարի։ Բայդենն 82 տարեկան է։ Երկու զավակ է հողին հանձնել՝ առաջինին ավտովթարից, երկրորդին՝ ուղեղի քաղցկեղից։ Ընդ որում՝ երկրորդին ոչ վաղ անցյալում։ Առաջին նախագահն է, որ քաղցկեղի դեմ պայքարի համապետական ու աննախադեպ մեծության ազգային ծրագիր է նախաձեռնել, որպեսզի «հիվանդությունների կայսր» համարվող ախտը կանխարգելելի դառնա։ Պատմության մեջ ամերիկյան առաջին ու միակ նախագահն է, որ այդքան առաջացած տարիքում է լքել պաշտոնը։ Եվ հետաքրքիր հանագամանք, որի մասին ոչ մի լրատվամիջոց բացահայտ չի խոսում, բայց ակնհայտորեն զարմանք կա։ Ակնհայտ է, որ այս փուլում այսպիսի տեսքով հայտնաբերված քաղցկեղն առկա է եղել արդեն բավական երկար ժամանակ։ Հետաքրքրական է, որ աշխարհի բոլոր ռեսուրսներին հասանելիություն ունեցող երբեմնի աշխարհի հզորագույն մարդը, հզորագույն գերտերության առաջնորդը, չի այցելել շագանակագեղձի զննության, որն անցնում են միջոցներ և ինտելեկտ ունեցող տղամարդկանց մեծամասնությունը, հավանաբար չի հանձնել PSA թեսթը և բաց է թողել հնարավորության պատուհանը՝ վաղ փուլում բացահայտելու հիվանդությունն ու կանխելու տարածումը։ Թեև Բայդենը պատկառելի տարիներ է ապրել՝ նրա հեռացումն այս սցենարով՝ ճակատագրի հեգնանքի հերթական դրսևորում է։ Ու աշխարհի երբեմնի հզորագույնի այս տխուր պատմության համատեքստում նայում ես Հայաստանի ու նրա հանրույթի վիճակին, կրքերին, արարքներին, վարքագծին ու արժեքներին և թե ինչպես է տարածված ու բուժման հույս չունեցող քաղցկեղով այս երկրում դրա բնակչությունը զբաղվում ամեն ինչով՝ բացի կարևորագույն խնդրից, ու թե ինչպես են անհատների մակարդակում այս կարճ ու մեծ հաշվով անիմաստ կյանքը մսխում, հասկանում ես, որ կյանքդ մինչ այս պահը արմատապես սխալ ես ապրել։ Հետևաբար՝ թեև դրանցից տարբեր առումով ու եղանակով, բայց այնուամենայնիվ, դրանով ինքդ էլ քո կյանքն ես մսխել»: