Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«ԵՄ-Հայաստան. սարդոստայն՝ վարագույրի հետևում»․ Արմեն Աշոտյան

«ԵՄ-Հայաստան. սարդոստայն՝ վարագույրի հետևում»․ Արմեն Աշոտյան
205
Երեկ, 20:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ-Հայաստան. Սարդոստայն՝ վարագույրի հետևում.
Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու, բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը, իհարկե, հատկանշական էր և՛ իր ձևով, և՛ բովանդակությամբ:
Տիկին Կալլասը Երևան ժամանեց ոչ թե տարածաշրջանային, այլ երկկողմ այցով, քանզի մինչ այդ արդեն եղել էր նաև Բաքվում՝ աչք փակելով ալիևյան ռեժիմի հակաժողովրդավարական, կոռուպցիոն, մարդատյաց էության վրա և վերահաստատելով Ադրբեջանի՝ «վստահելի և կարևոր գործընկեր» լինելու փաստը Եվրոպական Միության համար:
Սա աշխարհաքաղաքական շիզոֆրենիա չէ, որովհետև ի տարբերություն շիզոֆրենիայի՝ այս դեպքում դերակատարը՝ Եվրոպական Միությունը, հստակ պատկերացնում է ու շատ լավ գիտակցում, թե հարևան երկրների մայրաքաղաքներում իր սեփական արժեքներին հակառակ՝ ինչպիսի գնահատականներ է հնչեցնում, ինչպիսի քաղաքականություն է իրականացնում:
Հանուն ճշմարտության, սակայն, պետք է շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հիշատակումը հնչեց միայն տիկին Կալլասի շուրթերից, այլ ոչ թե Հայաստանի արտգործնախարարի աթոռին բազմած նիկոլահպատակ Արարատ Միրզոյանից, որն առհասարակ եզրափակիչ բրիֆինգում չխոսեց Լեռնային Ղարաբաղի մասին՝ անգամ մշակութային կամ հումանիտար իրավունքների համատեքստում, ինչը գոնե հումանիտար հարցադրումներով արեց տիկին Կալլասը:
Այցի բովանդակության հետ կապված՝ կցանկանամ անդրադառնալ 5 հիմնական թեմաների, որոնք ազդարարվեցին Հայաստանը ներկայացնող ռեժիմի և Եվրոպական հանձնակատարի շուրթերով՝
Գործընկերության օրակարգ (Partnership agenda)
Այս փաստաթղթի վրա աշխատանքների ավարտման մասին երկու կողմերն էլ հայտարարեցին եզրափակիչ ասուլիսում՝ վերահաստատելով իմ նախորդ հոդվածներում ամրագրված մոտեցումը:
Այդ փաստաթուղթը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ջանա Եվրոպական Միության հետ նոր «պատմական» փաստաթուղթ ստորագրել, ոչ թե նոր CEPA է կամ նրան հավասար փաստաթուղթ, այլ CEPA-ից բխող փաստաթուղթ, որը, ինչպես նույն Միրզոյանը խոստովանեց, թույլ է տալու գոնե թղթի վրա բարձրացնել CEPA-ի իմպլեմենտացման էֆեկտիվությունը:
Այսինքն՝ ստորագրվելիք փաստաթուղթը կրում է զուտ աշխատանքային բնույթ, չունի օրենսդրական ուժ, ինչպես CEPA-ն, չի վավերացվում երկրների խորհրդարանների և Եվրոպական պառլամենտի կողմից և ընդամենը մի քիչ ավելի ճռճռան անունով գործադիր իշխանությունների թևերի միջև կնքված սովորական ուղենշային փաստաթուղթ է:
Կողմերը խոսեցին այն մասին, որ Հայաստանը քննարկում է նաև մայիս ամսին Եվրոպական Միության կողմից ընդունված Սևծովյան ռազմավարությանը միանալու հանգամանքը:
Այդ փաստաթղթին ծանոթանալով՝ պետք չէ լինել քաղաքագետ՝ հասկանալու համար, որ այն ունի բացառիկ հակառուսական ուղղվածություն, Ռուսաստանը լոգիստիկ, ծովային, էներգետիկ և այլ ոլորտներում շրջանցելու և ուկրաինական պատերազմում Ռուսաստանի սևծովյան ձեռքբերումները զրոյացնելու փորձ է, որի հիմնական նպատակը եվրոպական իշխանությունները չեն էլ թաքցնում, այն է՝ կապել Եվրոպական Միությունը Միջին Ասիայի հետ, ինչը «զարմանալիորեն» համընկնում է նաև Մեծ Թուրանի կամ Պանթուրքիստական ծրագրերի հետ:
Այդ փաստաթուղթը, որն անգլերեն կոչվում է «Black Sea strategy», առանձին վերլուծության կարիք ունի, բայց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի անվերապահ մասնակցության պարագայում մի կողմից՝ լուծվելու են հակառուսական գեոպոլիտիկ խնդիրներ, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանություններն ապացուցել են, որ ունակ չեն արդյունավետ ոլորտային համագործակցության՝ լինի դա էներգետիկայի, տրանսպորտային, էկոլոգիայի, թե այլ ոլորտի:
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն անվտանգային, պաշտպանական երկխոսությունը՝ «Security and defense dialogue»:
Եվրոպական միության Common Security and Defense Policy-ը (անվտանգային և պաշտպանական ռազմավարությունը) պարբերաբար թարմացվող փաստաթուղթ է, որի հիմքում նույնպես ընկած են բուն եվրոպական շահերը, ինչպես նաև գեոպոլիտիկ պայքարում Ռուսաստանի հետ հակադրվելու՝ վերջին տարիների քաղաքականությունը:
Ի դեպ, այդ փաստաթղթի խորհրդարանական գնահատականներում, որոնք Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվում են տարին մեկ և արտացոլում են այդ քաղաքականության իրականացման արդյունավետությունը կամ ժամանակագրությունը, 44-օրյա պատերազմից հետո տեղ էին գտել հակաթուրքական և հակաադրբեջանական մի շարք կոշտ ձևակերպումներ, որոնք, ցավոք, Հայաստանն այդպես էլ չօգտագործեց իր արտաքին քաղաքականության մեջ, քանզի Նիկոլը վաղուց «ներել» է Էրդողանին և Ալիևին՝ մատաղ անելով 5000 զոհ իր գեոպոլիտիկ խաղերի համար: Եվ Հայաստանի գործող ռեժիմն այդպես էլ առաջ չտվեց գոնե եվրոպական ուղղությամբ առկա հնարավորությունները՝ 44-օրյա պատերազմի համար պատասխանատվության կանչելու Ադրբեջանին և Թուրքիային:
Նույնը վերաբերում է նաև ժամանակին նմանատիպ զեկույցներում տեղ գտած եվրոպական գնահատականներին՝ կապված Արցախի դեմ իրականացվող էթնիկ զտման, հակահայկական քաղաքականության, Արցախի հայաթափման հետ:
Վիզաների ազատականացման երկխոսություն – Visa Liberalization Dialogue
Այս համագործակցային փուլը, ինչպես ժամանակին շեշտել եմ, 2017 թվականից 7 տարի անց, Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից հետո, Նիկոլ Փաշինյանը ստացավ՝ որպես գեոպոլիտիկ ավանս, երբ այդ երկխոսությունը հայտարարվեց մեկնարկած: Ավելին, վերջերս եվրոպական կողմը Հայաստանին է փոխանցել այն գործողությունների ճանապարհային քարտեզը, որով Հայաստանը պետք է մոտարկվի եվրոպական ստանդարտներին և համապատասխանի դրանց մինչև վիզաների ազատականացման հարցը լուծելը:
Հասկանալով եվրոպական բյուրոկրատիան և ընկալելով եվրոպական բարձր ստանդարտները բոլոր ոլորտներում, հատկապես՝ միգրացիայի հետ կապված սաստկացած ազգային և համաեվրոպական քաղաքականությունները, որոնք ԵՄ-ի հետ գործընկեր հանդիսացող երկրների համար ավելի են դժվարացնում վիզաների ազատականացման պրոցեդուրաները, ակնհայտ է, որ Հայաստանի գործող ռեժիմը՝ իր ֆունկցիոնալ ապիկարությամբ, իր ինստիտուցիոնալ իմպոտենտությամբ, ունակ չի լինելու ժամանակին կյանքի կոչել այդ աշխատանքային ծրագրի դրույթները, ինչպես ունակ չէ կյանքի կոչել CEPA-ն, որն այս պահին իրականացված է 40%-ից պակաս չափով:
Եվրոպական խաղաղության հիմնադրամի հետ կապված – European Peace Facility
Տիկին Կալլասի խոստովանությունը, որ Հունգարիան շարունակում է ՎԵՏՕ դնել Հայաստանին հատկացվելիք սիմվոլիկ գումարի վրա, վկայում է երկու բանի մասին՝
1. Նիկոլական ռեժիմը, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ հրապարակային ներողության, զղջման խոսքերի, ներելով Հունգարիային Ռամիլ Սաֆարովի հետ կապված հայ-հունգարական սկանդալը և ուրանալով Գուրգեն Մարգարյանի հիշատակը, գնաց Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորման: Դեսպան նշանակվեց, փոխայցեր կազմակերպվեցին, աշակերտներ տարան Հունգարիա տարբեր փոխանակման ծրագրերով, սակայն այս ֆոնի վրա Հունգարիան ակնհայտորեն շարունակում է իրականացնել Ադրբեջանի հետ իր հարաբերություններից բխող մոտեցումներ Հայաստանի նկատմամբ:
Այս ֆոնին հիշեցնեմ, որ երբ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին, սակայն 2017թ. մենք Եվրոպական միության հետ ստորագրեցինք CEPA-ն, 2019թ., չունենալով Հունգարիայում դեսպանատուն, հունգարական Խորհրդարանը վավերացրեց CEPA-ն, որի մեջ, հիշեցնեմ, կար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների դրույթը, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, և այս մասին ես անձամբ տեղեկացրել եմ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի խոսնակի կաբինետում՝ փոխանցելով համապատասխան պաշտոնական գրությունը:
Հայաստանի իշխանությունները տեղյակ չէին այդ մասին, իսկ դա հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) միջկուսակցական կապերի և ազդեցության պարագայում:
Այսօր, երբ կան դիվանագիտական հարաբերություններ և նշանակված դեսպաններ, Հունգարիան չի արձագանքում Հայաստանի հետ կապված անգամ սիմվոլիկ պոզիտիվ օրակարգին, ինչպիսին է Եվրոպական խաղաղության հիմնադրամից հատկացվելիք որոշակի գումարը:
2. Եվրոպական Միությունը, երբ իրենց շատ պետք է, օրինակ՝ Ուկրաինայի կամ Ռուսաստանի հետ կապված որոշումներում, կարողանում է արդյունավետ ջանքեր գործադրել հունգարական կողմի վրա՝ կոտրելու, կամ չեզոքացնելու, կամ շրջանցելու նրանց հակազդեցությունն այս կամ այն փաստաթղթին, ինչը բազմիցս ապացուցվել է:
Թո՛ւյլ տվեք այս օրինակով խիստ կասկածել Եվրոպական միության ղեկավարության անվերապահ ցանկությանը՝ օգնել Հայաստանին նաև այս գործիքով, քանզի Եվրոպական Միությունն ունի և իրականացրել է հունգարական «առանձնահատուկ» մոտեցումները շրջանցելու բազմաթիվ մեթոդներ, որոնք, չգիտես ինչու, Հայաստանի պարագայում չեն աշխատել:
Վերջաբանի փոխարեն
Թե՛ Եվրոպական Միությունը, թե՛ Հայաստանի գործող ռեժիմը ջանք ու եռանդ չեն խնայում՝ հանրությանը համոզելու, որ հայ-եվրոպական հարաբերությունները «երբեք այսքան մտերիմ չեն եղել», այնինչ իրականում այս փուլում նրանք, ցավոք, խարսխված չեն ընդհանուր արժեհամակարգի վրա, որից կիլոմետրերով հեռու է Հայաստանի գործող ռեժիմը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և այլն: Այդ հարաբերությունները խարսխված չեն քաղաքակրթական ընդհանրությունների վրա, որովհետև Եվրոպական Միության քաղաքակրթական հիմքում հունա-հռոմեական և հուդա-քրիստոնեական քաղաքակրթությունն է (այն քրիստոնեության, որն այսօր ոտնահարվում ու հալածվում է Հայաստանում)։
Դրանք խարսխված չեն կոնկրետ ծրագրային գործիքների և արդյունքի վրա, որովհետև Հայաստանի իշխանությունները ջանք չեն գործադրում ո՛չ CEPA-ով պայմանավորված ինստիտուցիոնալ բարեփոխումների, ո՛չ Հայաստանը ոլորտային ծրագրերի, օրինակ՝ Հարավային էներգետիկ միջանցքում ընդգրկելու ուղղությամբ, այլ խարսխված են բացառապես եվրոպական գեոպոլիտիկ շահերի և նիկոլական գեոպոլիտիկ խաղերի ընդհանրության վրա:
Սա արձանագրում եմ ցավով, որովհետև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններն ունեն հսկայական պոտենցիալ՝ մեզ հուզող ազգային հարցերի առաջմղումից սկսած, վերջացրած երկրի ժողովրդավարացման և արդիականացման իրական բարեփոխումների հստակ օրակարգով:
Հ.Գ. Ցավում եմ, որ տիկին Կալլասի այցը չօգտագործվեց Հայաստանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի, բռնաճնշումների և քաղբանտարկյալների մասին ճշմարտությունը բարձրաձայնելու, մեր բողոքի ձայնը հասցնելու, իրազեկման ակցիաների և պիկետների կազմակերպման համար…
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ
07.01.2025թ.
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան