Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Իշխանության թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է»․ Արա Զոհրաբյան

«Իշխանության թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է»․ Արա Զոհրաբյան
214
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 01:12

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել:
Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը:
Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձություններին և հարվածներին, ի շնորհիվ նաև ինքնակառավարման համակարգի:
Նիկոլ Փաշինյանի հարձակումը թվում է, թե ուղղված է հոգևորական անձի կամ անձանց դեմ, բայց դա միայն առաջին հայացքից:
Իրականում, այդ հարձակման թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է: Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն խոստովանում է դա, երբ հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»:
Ինքնակառավարումը կառավարման տեսակ է, որտեղ կառավարող սուբյեկտն ու կառավարման օբյեկտը համընկնում են, այսինքն կոնկրետ անձանց խումբն է տնօրինում իր իսկ հարցերը, ինչը Եկեղեցու դեպքում հնարավորինս պաշտպանում է արտաքին ազդեցություններից:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը Ազգային-Եկեղեցական Ժողովն է, որն էլ լիազորված է ընտրելու Կաթողիկոսին և որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական հիմնահարցերի, ինչպես նաև դավանաբանական, ծիսական, կանոնական և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Ոչ պետությունը, ոչ այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել:
Դարեր շարունակ Եկեղեցու վրա փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանությունները, այլ նաև օտար պետությունները, այդ թվում՝ զավթիչները, կրոնական ծայրահեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴՅՈՒՆ:
Եթե հաջողվի քանդել Եկեղեցու ինքնակառավարման համակարգը, ապա ապագայում Եկեղեցին խոցելի կդառնա քաղաքական ցանկացած իրադարձության առջև:
Հ.Գ.1. Իշխանության մեթոդը պարզ է՝ «Տուշոնկա» օպերացիա: Վարկաբեկել բարձրաստիճան հոգևորականներին, դրանով բարդութավորելով մարդկանց կանգնել Եկեղեցու կողքին:
Հ.Գ.2 Պետականության դեմոնտաժը շարունակվում է ավելի արագ տեմպով:
Հ.Գ.3 Այս չարագործությունների պատասխանը ազգովի ենք ստանալու:
Հ.Գ.4 Մոր (Մայր Եկեղեցու) դեմ հրապարակային վարկաբեկման գործողությունները որևէ կերպ «զավակի» սրտացավ ու պարկեշտ արձագանք չեն կարող համարվել»։

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան