Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Պետություն ունենալ չգիտենք, իսկ Ալիևն իր հոտին պետության շունչ տվեց». Դավիթ Գրիգորյան

«Պետություն ունենալ չգիտենք, իսկ Ալիևն իր հոտին պետության շունչ տվեց». Դավիթ Գրիգորյան
241
Այսօր, 02:06

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿՆԵՐԵՔ․․․ բայց սա վերջի սկիզբն է, կարծես: (Զգույշ+)
Ադրբեջանը կարող էր միայն երազել նման թշնամու մասին: Ալիևը, հավանաբար, վերջին 5 տարիների ընթացքում գնացել է Արցախում մնացած պատմական մի ինչ-որ կարևոր եկեղեցի-մատուռ, որտեղից Աստծուն հայի ձայնն ավելի լսելի էր ու ամեն օր, գուցե օրը 24 ժամ, աղոթել է, որ Հայաստանը ինքնահրկիզվի, ինքնաոչնչանա, ինքնալուծարվի, մեռնի:
Աստված արդար է: Քանի որ մինչև ալիևը որևէ հայ այդքան համառորեն չի գնացել (որևէ) հայկական սրբավայր (կամ եթե գնացել՝ ձևի համար, զուտ հետո արաղ բացելու նպատակով), այդքան համառ չի աղոթել՝ Աստված զարմացել է, թե էս ո՞վ է էս համառ տղամարդը, որ այդքան աղոթում է հայերի կործանման համար:
Եթե հաշվի առնենք, որ ալիևը ոտքից գլուխ մի խորամանկ աղվես է, չեմ կարող բացառել, որ վերջինս հայկական առաքելական եկեղեցում աղոթել է հայի անվան տակ: Ներկայացել է իբրև Իլհայկ Ալյան:
Մի խոսքով, այնքան է համոզում Աստծուն, որ Աստված ասում է՝ գնա, լսում եմ աղոթքդ․․․ դու շատ հավատ ունես, ուրեմն մի բան գիտես: Թող հայերը պատժվեն: Ալիևն էլ հայ առաքելական Արցախյան եկեղեցուց դուրս է գալիս, զգեստափոխվում է, նստում է իր Մայբախն ու Փաշիզադեին ասում․
- Սրանց աստծուն համոզեցի, որ հայ եմ, հիմա կպատժի դրանց, բայց գնա մեր աստծո մոտ՝ ասա, որ ինչ պետք է՝ արել եմ:
Էսպես, Ալիևը բոլոր աստվածների հետ համաձայնության, առևտրի գալով՝ հայերից խլում է այն, ինչ մենք պահել չենք կարողանում, որովհետև․․․ որովհետև մեր միակ աստվածը մենք ենք: Աղոթում ենք ինքներս մեզ, աստված ասելիս ոչ թե իրական Աստծուն ենք կանչում, այլ մեր անունն ու մեր ազգանունն ենք տալիս: Եվ այդ մեկ մարդը դու ես․․․
Մենք մեր անհատական աստվածն ենք: Իրականում մենք անաստված ենք: Անաստված ենք ոչ թե որովհետև Գարեգինն է մեր կաթողիկոսը, այլ որովհետև Գարեգինը մեզնից մեկն է, հայ է: Մի Փաշինյան էլ Գարեգինն է: Եվ եթե որևէ հայ մեկ այլ հայի կարող է համոզել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բարձրության վրա մի Աստված կա, որին մենք պիտի խոնարհ լինենք, կհայտնվի մեկ այլ հայ, կասի․
- Խելքդ գլխիդ հավաքի, ախպե՛ր: Տերն էլ եմ ես, ծառան էլ:
Էս ազգը պետականազուրկ մտածողություն ունի: Պետականատեր ազգը օրինապահ է: Սահմանադրությունը վատը լինի, թե լավը՝ ասում է․
- Եղբա՛յր, իմ սահմանադրությունն է, վատն է, լավն է՝ իմն է:
Իսկ մենք ասում ենք․
- Ես եմ իմ սահմանադրությունը, ոնց ուզեմ՝ կանեմ:
Դե, էսքանից հետո կարծել, որ հայ մարդը մի բան էլ հոգևոր առաջնորդին պիտի հետևի․․․ կներեք: Վազգեն Առաջին կաթողիկոսի մասին միայն լսել եմ, կողքին չեմ ապրել: Անունն էլ Վազգեն է եղել, ասոցացվել է Վազգեն Սպարապետի հետ, դրա համար հաղթող է թվացել: Մնացածը պրոպագանդա է: Կներեք:
Դուք, ես, բոլորս․․․ պետություն ունենալ չգիտենք, իսկ Ալիևը, ցավոք, իր հոտին պետության շունչ տվեց: Խելոք էիք՝ անեիք: Անուններդ Լևոն լիներ, Ռոբերտ, Սերժիկ, թե Նիկոլ: Ընդհանրապես հայկական անուններով չեք փայլում․․․ չեմ թաքցնի՝ ես էլ:
Երանի մեռնեի արժանի մի մահով, քան ապրեմ մի կյանք, որում կյանք չկա:
Վաղուց չէի գրել: Չընթերցվող մի բան է: Ժամն էլ ուշ է, դժվար էլ կարդաք: Բայց մի բան գիտեմ, քանի դեռ ապրում եմ, ապրելու է նաև տունը հայկական: Մի քանդեք հանուն ձեր անձի: Դուք կմեռնեք, պետությունը պիտի ապրի:
Աղջիկներս 6 են: 16-ում ամոթ չպիտի զգամ:
Հանուն զավակների Հայաստանի Հանրապետության:
Ուշքի եկեք, բոլորդ»:

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան