Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Նախապայման՝ պատվաստվե՛ք, որ պետական պատվերը փոխհատուցենք»․ Ծաղիկ Վարդանյան

«Նախապայման՝ պատվաստվե՛ք, որ պետական պատվերը փոխհատուցենք»․ Ծաղիկ Վարդանյան
364
Երեկ, 17:30

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախապայման՝ պատվաստվե՛ք, որ պետական պատվերը փոխհատուցենք․
Առողջապահության նախարարության կառավարիչները վերջերս տարբեր առիթներով խոսում են իրավունքից, էթիկայից, իրավական կարգավորումներից: Բայց արի ու տես, որ գործի մեջ ամբողջովին այլ պատկեր է:
Ընթացիկ տարվա հունիսի սկզբին բժշկական կազմակերպությունները ստացել են ԱՆ պետական առողջապահական գործակալության շրջաբերականը մայիս ամսվա պետական պատվերի հաշվետվությունների վերաբերյալ: Այդ շրջաբերականը ռուտին ընթացակարգով ԲԿ-ները ստանում են ամեն ամիս և որևէ արտոռոց բան չկա դրանում, եթե չլիներ մայիսյան շրջաբերականի վերջին պարբերությունը։
ՊԱԳ-ը «զգուշությամբ» հրահանգում է մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններին, ծննդատներին, որ նորածինների կոնքազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգի (նորածիններին ծննդատանը կոնքազդրային հոդերի գերձայնային հետազոտություն են իրականացնում անոմալիաների վաղ հայտնաբերման նպատակով) փոխհատուցումը կլինի միայն նորածնի պատվաստումներ ստանալու դեպքում: Ավելին, ըստ քաջատեղյակ աղբյուրների Արմեդին առողջապահության նախարարությունից տրվել է տեխնիկական առաջադրանք սքրինինգի և պատվաստումների դեպքերը ինտեգրել, որի արդյունքում առանց պատվաստման մասը լրացնելու սքրինինգի դեպքը պարզապես չի ամրագրվում:
Ի՞նչ է այդ նշանակում
Խախտվել է ծննդկանների իրավունքները
Հանրային առողջապահության մասին ՀՀ օրենքի Հոդված 11-ում ամրագրված է.
«Իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքները
4) սահմանված կարգով գրավոր հրաժարվելու պատվաստումից (ներառյալ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով)՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների, բացառությամբ համաճարակաբանական ցուցումով իրականացվողների.»:
Բժշկական ծառայությունների մասով պետական պատվերի փոխհատուցումը կապելով պատվաստումների հետ առողջապահության նախարարությունը ստեղծում է անուղղակի պարտադրանք ծննդկանների համար, իսկ պարտադրող «կարգում» են բուժաշխատողներին, ովքեր հանուն ֆինանսկան փոխհատուցման պետք է կազմակերպեն 100%-ոց պատվաստումների ընդգրկում:
Տպավորություն է , որ ԱՆ-ն շրջանցելով հենց իր հեղինակած օրենքը , «հորինում է» բժշկական կենտրոնների համար ծուղակ-գործիքներ՝ հնարավորինս պետական պավերի փոխհատուցումները նվազեցնելու համար:
Իսկ նորածինների կոնքազդրային հոդի սքրինինգի ներդրումը այդքան էլ հեշտ չի ընթացել: Անհաժեշտ էր շուրջ 50 բժշկական կենտրոնների մանկաբարձական բաժանմունքներ հագեցնել համապատասխան բժշկական պարագաներով, սարքավորումներով: Համագործակցել ենք Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի, այլ կառույցների հետ, ներկայացրել սքրինինգի ներդրման կարևորությունը, «համոզել», որ օգնեն ձեռք բերել ուլտրաձայնային սարքեր, զննման համար նախատեսված հատուկ սեղաններ, մասնագետներին վերապատրաստել և այլ:
Հիմա որոշել են տարիներով ներդրած համապետական սքրինինգը չֆինանսավորել, եթե նորածինը չի պատվաստվել։
Հիշեցում
Սքրինինգային ծրագրերի նպատակը վաղ շրջանում շեղումների հայտնաբերումն և ապա բուժումն է, որի արդյունքում պետք է արձանագրվի հանրային առողջապահական էֆեկտ: Շահառուների խմբերը ընտրելուց հետո նման աճպարարությունները առնվազն իջեցնում են սքրինինգների արդյունավետությունը:
ՀՎԿԱԿ-ը մի ամբողջ իմունոկանխարգելմամբ զբաղվող բաժին ունի, հիմա ՊԱ՞Գ-ն է սկսել զբաղվել պատվաստումների ընգրկվածության ընդլայմամբ։
ՀՀ առողջապահության նախարարություն, ՊԱԳ-ը ծառայություններ մատուցող ստորաբաժանում է: Նրա իրավասություններից դուրս է առողջապահական քաղաքականություն թելադրելը, պատվաստումների ընթացակարգեր կառավարարելը:
Խառնել եք իրավունք/պարտականություն/հնարավորություն:
Նիկոլ Փաշինյան, եթե քաղաքականությունը տարվում է այնպես, որ ՀՀ-ում ուղղակի/անուղղակի պարտադրանք է կիրառվելու պատվաստումների համար, ապա միակ տարբերակը օրենքում այն ամրագրելն է: Առաջարկում եմ նաև հանձնարարեք, պետական պատվերի օֆերտայի պայմանագիրը ամեն անգամ չդարձնեն մահակ ԲԿ-ների վրա:
Հ.Գ.Ես դեմ չեմ պատվաստումներին, դարերի ընթացքում շատ վարակիչ հիվանդություններ շնորհիվ պատվաստումների դարձել են կառավարելի, բայց մարդը իրավունք չունի՞ իր համոզմունքներից, կրոնական, մշակույթային և այլ հատկություններից ելնելով հրաժարվի պատվաստվելուց:
Իսկ որ ծննդկանը հրաժարվում է իր բալիկին պատվաստի, ինչո՞ւ է պատժվում բժշկական կենրոնը»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան