Բրյուցելոզի ներթափանցումը կանխելու համար անասնատերերը պետք է ապահովեն անասնաբուժական զննումը
130
Երեկ, 18:06
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «ՊԱՅՔԱՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ Կենդանիների բրուցելոզ հիվանդությունը Հայաստանում առկա է դեռևս Խորհրդային Միության ժամանակներից: Դրա դեմ պայքարի միջոցառումներն անընդհատ են: 2013 թվականին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգն այն հիմքն է, որով առաջնորդվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այդ հիվանդության նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումների ընթացքում: Բրուցելոզի դեմ պատվաստում Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հրահանգով կիրառվող սկզբունքը ախտորոշիչ միջոցառումն է. արյունառություն, լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում՝ կենդանու մեկուսացում և հարկադիր սպանդ: Խոշոր եղջերավոր կենդանիներից արյունառություն է կատարվում տարվա մեջ երկու, մանր եղջերավորներից՝ մեկ անգամ: Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՖԵՐՄԵՐՆԵՐՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ Կենդանիների բրուցելոզ հիվանդության ներթափանցումը կանխարգելելու, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքերի բացառման նպատակով՝ անասնատերերը, ֆերմերներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել՝ կենդանիների շարժը՝ համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, նոր ձեռք բերված, այդ թվում ներկրված բոլոր կենդանիների 21-օրյա կարանտինը՝ մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում, լիազոր մարմնի և/կամ տնտեսությունը սպասարկող կամ համայնքային անասնաբույժի պահանջով՝ կենդանիների անասնաբուժական զննումը, արյան նմուշառումը: Տնտեսությունում բրուցելոզ հիվանդության կասկածի դեպքում սպասարկող կամ համայնքային անասնաբույժը պարտավոր է այդ մասին իրազեկել լիազոր մարմնին (ՍԱՏՄ), ախտորոշման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կասկածելի կենդանիներից վերցնել արյան նմուշներ և ուղարկել լաբորատոր հետազոտության: Լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի դեպքում 15 օր հետո, այն հոտում կամ նախիրում, որում հայտնաբերվել է հիվանդ կենդանի, կատարվում է ողջ գլխաքանակի արյան նմուշառում և ուղարկվում լաբորատոր շիճուկաբանական հետազոտության: Կրկնակի լաբորատոր հետազոտության վերջին երկու բացասական արդյունքի դեպքում հոտը կամ նախիրը համարվում է առողջ: Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ Կենդանիների գլխաքանակում բրուցելոզ հիվանդության հաստատման դեպքում, Տեսչական մարմնի տեսուչի վերահսկողությամբ, հիվանդ կենդանիները ենթարկվում են սանիտարական սպանդի, տարածքը՝ ախտահանության: Սանիտարական սպանդի իրականացումը հավաստվում է լիազոր մարմնի տեսուչի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, համայնքային անասնաբույժի և/կամ տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կամ ծառայության կողմից կազմված արձանագրությամբ: Ի՞ՆՉ Է ԱՐՎՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆՈՒ ՄԻՍԸ Բրուցելոզով վարակված և սպանդի ենթարկված տավարի, ոչխարի, այծի և խոզի միսը թույլատրվում է օգտագործել միայն ջերմային մշակումից հետո (երշիկների և պահածոների արտադրության մեջ): Բրուցելոզով վարակված կենդանու կաթն այն արտադրող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում պետք է ենթարկվի առաջնային ջերմային վերամշակման: ԱՐԳԵԼՎՈՒՄ Է բրուցելոզի նկատմամբ անապահով տնտեսություններից և տարածքներից ստացված ՉՎԱՐԱԿԱԶԵՐԾՎԱԾ կաթի դուրսբերումը, վաճառքը շուկաներում, օգտագործումը հանրային սննդում: Ի՞ՆՉ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ Բրուցելոզը զոոնոզ՝ կենդանուց մարդուն անցնող, հիվանդություն է, դրա հարուցիչները բրուցելլա խմբի մանրէներն են: Խրոնիկ ընթացքի հետևանքով՝ հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններ սովորաբար չեն արտահայտվում (ախտանիշ է էգ կենդանիների մոտ վիժումը): Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, վերջիններիս արտաթորանքը, կաթը, ներքին օրգանները, ջերմային մշակում չանցած միսը: Բրուցելոզի մանրէները կայուն են ցածր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ: Հեղուկ միջավայրում նվազագույնը +60°C ջերմաստիճանի եռման պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ավելի արագ: Հողի մեջ մանրէները մնում են կենսունակ մինչև 100 օր, սառը ջրի մեջ՝ միչև 114 օր»: