Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Պարեկը կանգնեցրեց մեքենաս, հայտարարեց, որ պատրաստվում է հետապնդել, մինչև խախտում հայտնաբերվի»․ Էրիկ Բեգլարյան

«Պարեկը կանգնեցրեց մեքենաս, հայտարարեց, որ պատրաստվում է հետապնդել, մինչև խախտում հայտնաբերվի»․ Էրիկ Բեգլարյան
182
Այսօր, 14:24

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր գիշերը՝ ժամը 03:15 սահմաններում, ես և կինս ուղևորվում էինք Զվարթնոց օդանավակայան՝ մեր դստրերին դիմավորելու։ «Գլադիոլ» համալսարանի դիմաց իմ Hunday Sonata մակնիշի, 01 CC 009 պետհամարանիշով ավտոմեքենան կանգնեցրեց պարեկային ծառայության աշխատակիցը՝ պահանջելով ներկայացնել մեքենայի փաստաթղթերը։
Ես հետաքրքրվեցի, թե ինչ խախտում եմ կատարել։ Պարեկը պատասխանեց, որ որևէ խախտում չեմ արել։ Դրա հիման վրա ես հրաժարվեցի ներկայացնել փաստաթղթերը՝ նշելով, որ եթե իրականացվում է ուժեղացված ծառայություն, ապա նա պարտավոր է ներկայացնել համապատասխան որոշումը։ Պարեկը պատասխանեց, որ նման որոշում չունի։
Բացի այդ, նրա մոտ չկար տեսանկարահանման սարք։ Ես հարցրի՝ որտեղ է սարքը, քանի որ առանց այն լինելու՝ հետագայում դժվար կլինի ապացուցել նրա ակնհայտ անօրինական գործողությունները։ Նա պատասխանեց, որ տեսախցիկ չունի։ Այնուհետև հայտարարեց, որ պատրաստվում է հաղորդել մյուս պարեկներին՝ հետապնդելու ինձ այնքան ժամանակ, մինչև հայտնաբերվի որևէ խախտում։ Ես արձագանքեցի, որ մենք ապրում ենք ազատ և անկախ երկրում, և որևէ մեկը իրավունք չունի առանց հիմնավոր կասկածի հետապնդել քաղաքացուն։
Տեսնելով, որ պարեկը պահում է իրեն ոչ ադեկվատ կերպով, մաղթեցի նրան բարի ծառայություն և վերադարձա ավտոմեքենա։ Նա ակնհայտ զայրացավ, և բարձր տոնով ասաց. «Գնա, դու գնա, ու ես հենց հիմա կսկսեմ հետապնդել քեզ», ինչպես նաև նշեց, որ կապ է հաստատելու իր բոլոր գործընկերների հետ՝ ինձ հետապնդելու նպատակով։
Ես չարձագանքեցի նրա վերջին սպառնալիքին և, առանց ներկայացնելու մեքենայի փաստաթղթերը և վարորդական իրավունքը, շարունակեցի ճանապարհս դեպի Զվարթնոց օդանավակայան։ Նշեմ, որ ոստիկանները շարունակեցին ինձ հետևել մինչև ԱՄՆ դեսպանատան շրջանը՝ մի քանի անգամ փորձելով անցնել մեքենայիս կողքով, այնուհետև հետ ընկան։ Այդ պահից հետո այլևս նրանց չեմ նկատել։
Նրանց մեքենայի պետհամարանիշն էր՝ 296 DH 61։
Ելնելով վերոգրյալից՝ դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և պահանջել պարզաբանումներ ՀՀ ոստիկանությունից։ ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ հարուցել կարգապահական վարույթ և պատասխանատվության ենթարկել տվյալ պարեկին՝ դրսևորած խուլիգանական վարքագծի համար։ Նշեմ, որ մեքենայում գտնվում էր ևս մեկ աշխատակից, սակայն վերջինս դուրս չեկավ ծառայողական ավտոմեքենայից։
Ցանկանում եմ նշել,որ այս դեպքը միակը չէ, որը իրականացվել է իմ հանդեպ և իմ մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած,որ ես ենթարկվում էմ հետապնդման»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան