Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Վարկով ջերմոցներ ենք ստեղծել, հիմա չգիտենք՝ ինչ է գալու մեր գլխին»․ ծաղկավաճառներ

«Վարկով ջերմոցներ ենք ստեղծել, հիմա չգիտենք՝ ինչ է գալու մեր գլխին»․ ծաղկավաճառներ
214
Այսօր, 16:36

Այսօր՝ հուլիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ծիածան գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ պատասխան տա, թե իր ղեկավարած կառույցը ինչ է անում, որպեսզի գյուղացուն փրկի հերթական կործանումից:
Շամշյանի հետ զրույցում գյուղացիները ասել են. «Դեռ սովետական տարիներից գյուղում եղել են բնակիչներ, ովքեր գյուղատնտեսկան աշխատանքներին զուգահեռ զբաղվել են նաև ծաղկավաճառությամբ: Անգամ մութ ու ցուրտ տարիներին ծաղիկներ ենք աճեցրել ու հանել վաճառքի ոչ միայն Հայաստանում, այև Ռուսաստանում ու արտերկրում: Մինչև վերջերս ոչ մի խնդիր չենք ունեցել, անգամ տարեցտարի Ռուսաստանից խնդրում ու մեզնից ավելի շատ ծաղիկեր էին պահանջում: Արտահանմանում ոչ մի խնդիր, ոչ մի խոչընդոտ չենք ունեցել, բայց հունիսի 28-ից, ոչ միայն մեր գյուղում, այլև հարակից մի քանի գյուղերում, ինչպես նաև մի քանի մարզերում ծաղկավաճառությամբ զբաղվողներս հայտնվել ենք անտանելի և անօգնական վիճակում: 2 օր առաջ Կառավարության մոտ հավաքվել էինք, մեզ ընդունեցին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, լսեցին ու խոստացան, որ ամեն բան կանեն, որպեսզի մեր խնդիրը լուծվի, բայց արդե որերորդ օրն է՝ ոչ մի դրական տեղաշարժ: Էլ չենք էլ հավատում Էկոնոմիկայի նախարարին, քանի որ հարցի լուծումը միայն կարող է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդիրը քննարկելով իր ռուս գործընկերոջ հետ: Վարկերով ջերմոցներ ենք ստեղծել, աշխատատեղեր ենք բացել ու հիմա չգիտենք՝ ինչ է գալու մեր գլխին: Եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի՝ մեր հարցը լուծելու ուղղությամբ, ապա ստիպված դիմելու ենք կտրուկ միջոցների: Հանրապետության բոլոր մարզերում փակելու ենք ճանապարհներ, որովհետև դա մեր գոյության հարցն է: Կառավարութունն ասում է՝ մի արտագաղթեք ու ստեղծեք աշխատատեղեր, մենք այդ ամենն անում ենք, բայց քանի օր է՝ Էկոնոմիկայի նախարարի ոչ սրտացավ մոտեցման արդյունքում երևի գյուղեր դատարկվեն: Բավական է, այս հարցը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Գյուղացիները մատնացույց էին անում իրենց կողմից ստեղծված բիզնեսները, որտեղ հազարավոր ծաղիկներ արդեն ոչնացվել են, մեծ մասն էլ ոչնչացման եզրին է ու պետք է օր առաջ Հայաստանի Կառավարությունը Ռուսաստանի Կառավարությանը հորդորի, որպեսզի արհեստական ոչ մի խոչընդոտ չստեղծեն, ինչը երբևէ չի եղել, իսկ Հայաստանից Ռուսաստան ու արտերկիր ներմուծված ծաղիկները միշտ սպառվել են ժամերի ընթացքում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն պատկերն է Մրգաստան գյուղում, որտեղ հսկայական ջերմոցներում փչացել ու շարունակում են փչանալ մարդկանց քրտինքով աճեցրած ծաղիկները: