Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան

«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
35
Այսօր, 21:24

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. «Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին
1.Իշխանության աղբյուրը ժողովուրդն է։
Այս սկզբունքը կոպտորեն խախտվել է Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ։ Ըստ այդմ՝ ներկա խորհրդարանը լեգիտիմ չէ (այս հարցում բոլոր քաղաքական ուժերն ունեն ընդհանուր հայտարար)։ Օրվա իշխանությունն առավել ևս լեգիտիմ չէ։
2. «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական հանրաքվե անցկացնելու մանդատ։
Խորհրդարանական ընդդիմությունը ստացել է Ալիևի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը թույլ չտալու մանդատ։
3. Քաղաքացի Նիկոլ Փ.-ն պնդում է, որ եթե մեր Սահմանադրությունից չհանենք հղումը ՀՀ անկախության հռչակագրին, ապա խաղաղություն չի լինի, այլ պատերազմ կլինի։ Դա կեղծ պնդում է, քանզի խաղաղության օրակարգը հնարավոր է կյանքի կոչել ոչ թե Ալիևի նախապայմանները բավարարելով և որևէ նշանակություն չունեցող թղթեր ստորագրելով, այլ հայ-ադրբեջանական գործընթացում միջնորդ-երաշխավորների առկայության, ինչպես նաև ուժերի հավասարակշռության ապահովման միջոցով։
4. Քաղաքացի Նիկոլ Փ.-ի պահվածքը հիմա նման է քաղաքական ահաբեկչի պահվածքի։ Նա պատանդ է վերցրել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, բանտերը լցրել է քաղբանտարկյալներով և շանտաժի է ենթարկում մեզ։
Նա հայտարարում է, որ եթե իր պահանջները չբավարարվեն, և խորհրդարանական ընդդիմությունը չտրամադրի սահմանադրական հանրաքվեի գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ ձայները, ապա ինքը կգնա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փ.-ն «սպառնում» է հրաժարական ներկայացնել և նախաձեռնել արտահերթ ընտրությունների գործընթաց։
Սա, իրականում, բլեֆի քաղաքականություն է, քանի որ Նիկոլ Փ.-ի համար արտահերթ ընտրությունները ռիսկային են։
Ի տարբերություն 2021 թվականի՝ ընդդիմադիր ուժերը երաշխիք չեն տա, որ նրա հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Բացի այդ, անկանխատեսելի կլինի ընտրության ելքը։ Եթե նա ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա ընդդիմության հետ բանակցելու կարիք չկա. թող հրաժարական տա, մնացածը կերևա։
5. Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին։
Եթե նա համոզված է, որ ունի հանրային աջակցություն, և ժողովուրդն ուզում է ալիևյան պահանջներով Սահմանադրություն փոխել, ապա այս հարցի հանգուցալուծումը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։
Եթե Նիկոլ Փ.-ն վստահ է իր ուժերի վրա, ապա թող ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին/պատանդներին, կարճի նրանց բոլորի դեմ «կարված» շինծու գործերը, և գնանք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների։ Այդ ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ կներկայացնի իր դիրքորոշումն ու ծրագրերը իշխանության միակ աղբյուր ժողովրդին։ Եվ թող ժողովուրդը որոշի, թե ովքեր պետք է իշխեն Հայաստանում և ինչ ուղղությամբ պետք է շարժվի մեր երկիրը։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը ներքաղաքական միակ լեգիտիմ օրակարգն է։ Մնացածն ընդամենը կեղծ օրակարգեր են»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան