«Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան

Ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդարանում և կառավարությունում վերջին օրերին բեմադրված աղմուկն ու փողոցային հայհոյանքները նյարդերի տեղի տալ չեն։ Դա ժողովրդի աչքին փոշի լցնելու հերթական փորձն է՝ պետության գլխին կախված իրական վտանգները կոծկելու համար։
Բավական է տրվել այս էժանագին ներկայացմանը։
Նայենք ճշմարտության աչքերին և հստակ արձագանքենք, թե ինչ է կատարվում և ուր են տանում երկիրը․
▪️ Թշնամու պահանջի կնքումը՝ մեր իսկ ձեռքերով․
ադրբեջանին այլևս բավարար չէ մեկ մարդու ստորագրությունը։ Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդն ինքը՝ նոր Սահմանադրության հանրաքվեով, կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից և սեփական պատմական իրավունքներից։ Առանց թշնամուց որևէ իրական երաշխիք ստանալու՝ մեր ձեռքով ջնջվում է մեր պետության իրավական հիմքը։ Իսկ «տեքստը դեռ չեք կարդացել, ինչու՞ եք դեմ» հարցադրումը պարզ խաբեություն է․ երբ օրակարգը թելադրված է դրսից, դրա փաթեթավորումը այլևս նշանակություն չունի։
▪️ Օրենքի ոտնահարում և իշխանության յուրացում․
Ժողովրդի միայն մի հատվածն է այս իշխանությանը տվել երկիրը կառավարելու մանդատ, այն էլ՝ բազմաթիվ վիճահարույց հանգամանքներում, բայց ոչ ոք նրանց չի տվել Սահմանադրությունը միայնակ վերաձևելու 2/3 ձայն։ Հիմա փորձ է արվում շանտաժով ու պիտակավորումներով ջարդել ժողովրդի իսկ դրած սահմանադրական արգելքը։ Երբ իշխանությունը չի հարգում իրեն սահմանափակող օրենքը, դա այլևս ժողովրդավարություն չէ, դա իշխանության բացահայտ յուրացում է։
▪️ Տարածաշրջանային և տնտեսական կազմաքանդում․
Արդեն բացահայտ հող է նախապատրաստվում «անկլավների» հանրաքվեի համար, ինչը ուղիղ հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ռազմավարական ճանապարհներին՝ երկիրը ներսից կտրելու և անպաշտպան թողնելու ծրագիր։ Զուգահեռաբար՝ երկաթուղու և էներգետիկ համակարգի շուրջ ստեղծվող արհեստական ճգնաժամերը հարվածում են երկրի տնտեսական անվտանգությանն ու խորացնում արտաքին կախվածությունները։
▪️ Վախի քարոզի կեղծիքը․
Իշխանության գլխավոր զենքը սարսափ տարածելն է՝ «եթե չզիջենք, պատերազմ կլինի»։ Սա պատմական և ռազմական սուտ է։ Խաղաղությունը ձեռք են բերում ուժով և արժանապատվությամբ, այլ ոչ թե ծնկի գալով։ Անընդհատ զիջելով՝ միայն կոտրում են երկրի դիմադրողականությունը, բացում թշնամու ախորժակն ու անխուսափելի դարձնում նոր հարվածը։ Իսկ «հետո կհեռանամ» խոստումը խաբկանք է․ երբ պետության ողնաշարը կոտրված լինի, որևէ մեկի հեռանալը այլևս կորցրածը հետ չի բերի։
Այսօրվա պայքարը ո՛չ թե աթոռի, ո՛չ էլ որևէ կուսակցության համար է։ Քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են դա ապացուցել ոչ թե խոսքով, այլ իրենց քայլերով՝ մի կողմ դնելով նեղ շահերը։ Սա գոյաբանական պայքար է մեր Հայրենիքի, մեր ազգային տեսակի և սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի համար։
Մենք իրավունք չունենք ընկրկելու կամ կողքից նայելու։ Հենց այսօրվանից յուրաքանչյուրիս անելիքը հստակ է՝ չտրվել վախի քարոզին, չդառնալ այս կեղծ օրակարգի գործիքը, ամեն քայլափոխի մերժել պարտադրվող զիջումները և կանգնել մեր Երկրի ու սահմանների պաշտպանության դիրքերում։ Սա վերաբերվում է բոլորին՝ անգամ նրանց, ովքեր այսօր լուռ են, բայց հոգու խորքում գիտակցում են, որ սա Հայրենիքի կորստի ճանապարհն է։
Ուժը մեր սթափ մտքի, միասնական կամքի և սեփական Երկրին տեր կանգնելու վճռականության մեջ է»։

Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
2423:30
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ քննարկել Կիևի անվտանգության երաշխիքները
6423:25
«ԱԺ «աքսորված» Արայիկ Հարությունյանն այսօր պատմության կեղծման փուլը տարածել է սպորտի վրա»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
3823:18
«Խորհրդարանական ընդդիմությունը կարող է օգտվել առաջարկներից»․ Վահե Հովհաննիսյան
4023:06
«Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ». Թրամփ
8522:54
«Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ միջուկային զենքը ոչնչացնի մոլորակը». Թրամփ
8322:43
«Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հեռացնելուց հետո»․ Էդուարդ Շարմազանով
5522:24
«Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգթոնին հարմար պայմաններ». Թրամփ
10822:13