Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Իրանում զարգացող սուպերճգնաժամը լրջագույն հետևանքներ է ունենալու». Վարդան Բալյան

«Իրանում զարգացող սուպերճգնաժամը լրջագույն հետևանքներ է ունենալու». Վարդան Բալյան
144
Այսօր, 01:06

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային լրատվականները ևս սկսեցին անդրադառնալ Իրանում խորացող էներգետիկ և ջրային ճգնաժամին. The Washington Post և Jerusalem Post թերթերն անգամ արձանագրում են, որ Իսլամական հանրապետությունը բախվել է աննախադեպ ճգնաժամի՝ պայմանավորված ջրային դեֆիցիտով, որ անմիջական սպառնալիք է ստեղծում մարդկանց կյանքի համար:
Իրանական տեղեկատվական աղբյուրների մշտադիտարկման արդյունքներով հաստատվում է, որ էներգամատակարարումը և ջրամատակարարումը երկրի, հատկապես, խոշոր քաղաքներում արդեն հասել է կրիտիկական կետի և լրջագույն տնտեսական վնասներ է հասցնում արտադրական ենթակառուցվածքներին ու բիզնեսին:
Իրավիճակի վատատեսական սպասումներն ավելի է խորացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ համաձայնություն կնքելու հավանականության նվազումը, առաջիկա ամիսներին սանկցիոն ռեժիմի սպասվող խստացումը, ռազմական նոր էսկալացիայի հնարավորությունը: Արդեն բազմաթիվ փորձագետներ, հանրային և քաղաքական գործիչներ են խոսում կանխատեսվող անխուսափելի գերճգնաժամի անխուսափելիության մասին, որ կարող է նաև պատճառ դառնալ հանրային հուզումների և բողոքական տրամադրությունների աճի: Կառավարության բացատրությունները, թե ստեղծված իրավիճակը մեծապես պայմանավորված է մարդկանց կողմից էներգիայի և ջրի ոչ խնայողական օգտագործմամբ, որ շատ հաճախ հնչում է որպես ամոթանք հասարակ քաղաքացիների հասցեին: Սոցիալական մեդիայում օգտատերերի գրառումներից կարելի է համոզվել, որ մարդկանց ուղղակի նյարդայնացնում է ժողովրդին մեղադրելու և պետական պատկան մարմինների չկատարված պարտականությունները մարդկանց պատվիրակելու վարքագիծը:
Տնտեսական հետևանքները ճգնաժամի նույնքան տեսանելի են դառնում ամեն օրվա հետ՝ կենսաթոշակային հիմնադրամների սննկացումների մասին հաղորդումները բազմաթիվ են, պետական բյուջեի դեֆիցիտին նախորդ գրառմամբ անդրադարձել եմ, եկամուտների հավաքագրումը նվազել է մինչև ծրագրային ցուցանիշի 10 տոկոս, ֆոնդային ինդեքսներն անընդհատ նվազում են, ապրանքների գնաճը զգալի է, հատկապես, առաջին անհրաժեշտության ու սննդամթերքի. մսամթերքը, հացն ու կաթնամթերքն, օրինակ, վերջին օրերին կրկնակի, իսկ որոշ շրջաններում անգամ եռակի թանկացել են:
Այս պայմաններում իշխանությունները էապես խստացրել են ու ավելացրել ճնշումները պաշտոնական քաղաքականությունը քննադատող կամ դրան հակադրվող յուրաքանչյուրի նկատմամբ: Երկրում մահապատժի դատապարտված 50 անձ կա, որոնց նկատմամբ վճիռները կայացվել են 12-օրյա պատերազմից հետո: Բազմաթիվ են հաղորդումները հաճախացած տարօրինակ պայթյունների արդյունքում առաջացող հրդեհների մասին՝ 20 խոշոր հրդեհներ վերջին շաբաթների ընթացքում: Մարդիկ չեն հավատում պատկան մարմինների բացատրություններին, որ դրանք հետևանք են դժբախտ խատահարների կամ պատերազմից հետո հայտնաբերվող զինամթերքի ոչնչացման...
Երկար կարելի է շարունակել, բայց այսքանն էլ, կարծում եմ, բավական է հասկանալու համար, որ տեսանելի ամենամոտ ապագայում Իրանում զարգացող սուպերճգնաժամը լրջագույն հետևանքներ է ունենալու, որոնք անմիջականորեն ազդելու են նաև մեզ վրա:
Տպավորություն ունեմ, սակայն, որ մեր իշխանությունները գտել են ու արդեն ձեռնամուխ են եղել իրանական սուպերճգնաժամի հետևանքների կառավարման արդյունավետ ծրագրի իրականացմանը, որ հանգում է մեզ մոտ՝ Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ ճգնաժամ ստեղծելուն»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան