«Հայաստանը ձգտում է միջազգային մակարդակով արժևորել իր ուրարտական անցյալի ժառանգությունը». Հարություն Վանյան
147
Այսօր, 20:12
ՀՀ ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շնորհավոր տոնդ, ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ 2025 թ. մեզ հաջողվեց Երևանի ուրարտական ժառանգությունը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում: Հայտի պատվիրատու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հայտի համակարգող՝ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ Հայտի հիմնական հեղինակ և գիտական պատասխանատու՝ Միքայել Նադալյան Եվ այսպես, Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակ Անվանում՝ Երևանի ուրարտական ժառանգությունը Տիպ՝ մշակութային Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն ?? Գրանցում՝ 2025 թ. Չափորոշիչներ՝ (ii)(iii)(iv) Երևանը աշխարհի ամենահին անընդհատ բնակեցված քաղաքներից մեկն է։ Ք.ա. 782 թ. պահպանված սեպագիր արձանագրությունը՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման մասին, որը թողել է Արարատյան թագավորության արքա Արգիշտի Ա-ն, քաղաքի «ծննդյան վկայականն» է։ «Երևանի ուրարտական ժառանգությունը» ներառում է երեք կարևոր հնագիտական հուշարձանային համալիր․ • Էրեբունի — Երևանի հիմնադիր բերդաքաղաքը։ • Կարմիր Բլուր (Թեյշեբաինի) — բերդաքաղաք՝ կառուցված Ք.ա. 7-րդ դարում, ներառյալ ամրոց, բնակելի թաղամաս և դամբարանադաշտ։ • Երևանի Բիայնական դամբարանը՝ միակ հայտնի մոնումենտալ ուրարտական դամբարանը Կովկասյան տարածաշրջանում։ Այս հուշարձանները ներկայացնում են ուրարտական քաղաքակրթության ծաղկուն շրջանը (Ք.ա.8-րդ դ.-7-րդ դ. վերջ), երբ Ուրարտուն վերահսկում էր Հայկական լեռնաշխարհի մեծ մասը։ Էրեբունին ոչ միայն ռազմական ամրոց էր, այլև վարչական և պաշտամունքային կենտրոն՝ ներառյալ Խալդի աստծուն նվիրված տաճար, դահլիճներ, պահեստներ և արքունական բնակարաններ։ Էրեբունիում պահպանվել են վաղ քաղաքաշինական օրինակներ՝ սալահատակ փողոց, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգեր, հստակ պլանավորված ամրաշինական տարրեր, որոնք վկայում են ուրարտական բարձր տեխնոլոգիական ու կազմակերպչական կարողությունների մասին։ Ուրարտուի անկումից հետո տարածքը չի դատարկվել․ այստեղ շարունակվել է բնակությունը, և ուրարտական մշակութային, ճարտարապետական և գեղարվեստական տարրերը փոխանցվել են հետուրարտական՝ Երվանդունիների և Աքեմենյան շրջանի մշակույթներին։ Բիայնական դամբարանը բացառիկ է իր տեսակով․ այն ստորգետնյա է, կառուցված է տուֆակերտ խոշոր քարերով, ունի ուղղանկյուն հատակագիծ, ներքին խցեր, որտեղից գտնվել են արժեքավոր հնագիտական գտածոներ: Էրեբունու հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են սեպագիր արձանագրություններ, որմնանկարների բեկորներ, խեցեղեն, մետաղյա իրեր, ինչպես նաև անձնական օգտագործման առարկաներ։ Կարմիր Բլուրում բացահայտվել են բազմաթիվ սեպագիր սալիկներ, բնակելի բազմասենյակ տիպային շենքեր և դամբարանադաշտ՝ հարուստ թաղումներով։ Կարմիր բլուրը ունի նաև նախաուրարտական կառույցներ ու շերտեր: Էրեբունին տեղակայված է Արին-Բերդ բլրի վրա՝ Արարատյան դաշտի մակարդակից մոտ 60 մ բարձրության վրա (մոտ 1070 մ ծովի մակերևույթից)։ Տարածքի ռազմավարական դիրքը նպաստել է ամրոցի կառուցման վայրի ընտրությանը: • «Երևանի ուրարտական ժառանգությունը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նախնական ցուցակում 2025 թ. մարտի 10-ին, մշակութային չափանիշներով (ii), (iii), (iv)։ • Այս քայլը ընդգծում է Հայաստանի ձգտումը՝ միջազգային մակարդակով արժևորվելու իր ուրարտական անցյալի ժառանգությունը»։