Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հովհաննավանքում այսօր հարվածեցին Սուրբի գաղափարին». Սարգիս Արզումանյան

«Հովհաննավանքում այսօր հարվածեցին Սուրբի գաղափարին». Սարգիս Արզումանյան
293
Այսօր, 19:54

«Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հովհաննավանքում, ոչ թե «պատարագ» էր, այլ սրբապղծություն։
Երբ կարգալույծ մարդը կանգնում է խորանի առաջ ու հռչակում է իրեն քահանա, իսկ երկրի ղեկավարն ու նրա թիմը մտնում են եկեղեցի ու ստանում հաղորդություն նրանից՝ սա այլևս ոչ թե հավատքի հարց է, այլ պետական մակարդակի վանդալիզմ։
Սա ոչ թե պատահականություն է, այլ ծրագիր՝ մի գործընթացի, որով աստիճանաբար ոչնչացվում են բոլոր ինստիտուտները, որոնք ունեն ինքնուրույն արժեհամակարգ։
Հովհաննավանքը այսօր ականատես եղավ ոչ թե պատարագի, այլ սրբության դեմ իրականացվող արարողակարգի։
Եվ եթե այս լռության մթնոլորտը շարունակվի, վաղը նրանք կմտնեն Վեհարան՝ որոշելու, թե որ աղոթքն է «ճիշտ», իսկ որ խոսքն է «չափազանց սուր»։
Եվ ամենասարսափելին՝ այն է, երբ եկեղեցու ներսում հավատացյալներից մեկը բարձրաձայնեց ճշմարտությունը՝ «Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարագ անցկացնելու»։
Նրան պարզապես բռնեցին, լռեցրին և քաշքշելով հանեցին եկեղեցուց։
Երբ իշխանությունը կանգնած է կողք կողքի կարգալույծի հետ, իսկ հավատացյալին՝ դուրս են հանում եկեղեցուց, մենք այլևս չենք խոսում պետություն-եկեղեցի հարաբերության մասին։
Մենք խոսում ենք բռնության մասին՝ ուղղված Աստծո տան դեմ։
Եկեղեցին հոգևոր տարածք է, որտեղ մարդը կանգնում է ճշմարտության առջև։ Իսկ այսօր այդ տարածքը հերթով նվաճվում են իշխանական «ստեփաններով», որոնք ամեն ինչ վերածում են շոուի։
Այս պատմությունը հիշեցնում է բոլոր այն ժամանակները, երբ բռնապետությունները փորձել են Աստծո տաճարը դարձնել պետական բեմ։
Երբ Ստալինը եկեղեցին օգտագործեց որպես քարոզչության գործիք։
Երբ Ներոնն այրեց Հռոմը՝ մեղքը գցելով քրիստոնյաների վրա։
Բայց ոչ․
Հավատքը և արվեստը չեն կարող դառնալ իշխանության ձեռքի խաղալիք։
Աստվածապիղծ «ծառայությունները» և հոգևոր ծաղրանքը նույնքան ծանր մեղք են, որքան մշակույթի ոչնչացումը։
Այսօր Հովհաննավանքում հարվածեցին ոչ թե Եկեղեցուն, այլ գաղափարին՝ Սուրբի գաղափարին։
Եվ այդ պահից սկսած՝ ոչ թե Տեր Արամն է կարգալույծ, այլ հենց նրանք, ովքեր կանգնեցին նրա կողքին»: