Երկուշաբթի, 22 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանական բենզինը նախ և առաջ սպասարկում է Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը»․ Թաթուլ Հակոբյան

«Ադրբեջանական բենզինը նախ և առաջ սպասարկում է Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը»․ Թաթուլ Հակոբյան
127
Այսօր, 17:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական բենզինը, բարեկամներ, նախ և առաջ սպասարկում և սնում է Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգը:
Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական տարածքով եկած ղազախական ցորենն էր սնում մեր իշխանությունների խաղաղության օրակարգը:
Ես եղել եմ այն ոչ մեծաքանակ հայերի մեջ, ովքեր Քուռ-Արաքսյան միջագետքի և Բաքվում թեյախմության երանելի ժամանակներում դավադրաբար կողմ է արտահայտվել ղարաբաղյան կարգավորմանն ու հայ-ադրբեջանական հաշտությանը:
Իմ հետ նույն դպրոցում սովորած Շահին Մուստաֆաևի մասին եմ ֆիլմ նկարել 2013-ին՝ արժանանալով քննադատության ու ուղղորդված թիրախավորման:
Հոդված եմ գրել ու այդ հոդվածը չեմ ջնջել, որն այն մասին է, թե ինչու հաղթած ժամանակ մենք պետք է հասկանայինք, թե ինչու են ադրբեջանցիները խոցված ու նեղացած:
Ցավ եմ ապրել պատերազմի ժամանակ ու «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» տարիներին զոհված հայ և ադրբեջանցի 18-ամյա տղաների համար, որովհետև հայ և ադրբեջանցի մայրերի լացի լեզուն նույնն է:
Հավատացե՛ք, այսօր էլ եմ կողմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի խաղաղություն, որովհետև այլընտրանքն ավելի սարսափելի կարող է լինել:
Ես ավելի շատ եմ ուզում խաղաղություն, քան վարչապետ Փաշինյանն ու իր թիմը միասին, քանի որ իմ ուզած խաղաղությունը քաղաքական չէ ու կոնյուկտուրային և պայմանավորված չէ իշխանության մնալու մոլուցքով:
Ատամը կտրի՝ Փաշինյանն ու թիմը կվերադառնան «Արցախը Հայաստան է ու վերջ» գիտակցված արկածախնդրությանը:
Չափս ճանաչելով, որպես անհատ մեկ հայ, ծնկի գալով թուրք-ադրբեջանական հարվածների տակ, այդուամենայնիվ, չեմ ուզում կորցնել արժանապատվությունս, պարզ մարդկային արժանապատվությունը, որ հատուկ է ամեն մարդու:
Հիմա կոնկրետ պատասխանեմ հարցին: Այդ հարցը ինքս եմ ինձ տալիս, անձամբ ես, թեև կարող են նաև ուրիշները տալ:
Ադրբեջանական բենզին գնելո՞ւ եմ, թե՞ ոչ:
Ո՛չ, չեմ գնելու: Ոչ թե որովհետև այն ադրբեջանական է, այլ որովհետև պարզ, մարդկային արժանապատվությունս դա ինձ թույլ չի տալիս: Խորը վիրավորանքն ու ցասումը, որ առաջին հերթին ուղղված է մեր քաղաքական մտածողությանը, թույլ չի տալիս դա անելու:
Ենթադրում եմ, որ ժամանակի հետ կհաշտվեմ ամենի հետ:
Ես, ի դեպ, որևէ մեկին կոչ չեմ անելու բոյկոտել ադրբեջանական բենզինը, որևէ ֆլեշ-մոբ չեմ անելու:
Հուսամ, որ կգան լավ ժամանակներ: Դրա հույսով է, որ աշխատում եմ առավոտից երեկո ու առանց հանգստի:
Խաղն ավարտված է, մեր խաղաղության ու արժանապատվության գնացքը վաղուց գնացել է:
Հիմա եկել է ցորենով ու բենզինով բեռնված ադրբեջանական գնացքի ժամանակը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան